Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել
ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որևէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղևորահոսքի մեջ որևէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։ Այս մասին հայտնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետ, ծանոթացել ուղևորահոսքի նկատմամբ հսկողության ուժեղացված աշխատանքների ընթացքին։
Սահմանային մյուս անցակետերի պատասխանատու կազմի հետ մշտական կապ է պահպանվում՝ ճշտելու իրավիճակն ու ձեռնարկված միջոցառումների ընթացքը։
Համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես, Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին տրամադրվում են «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտեր»։ Դրանք լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին։
Երկիր մուտք գործող անձինք այս առումով իրենց բոլոր հարցերով կարող են դիմել սահմանային բոլոր անցման կետերում տեղակայված՝ ԱԱՏՄ հսկիչ կետերի բուժանձնակազմին։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդային և ցամաքային բոլոր սահմանակետերում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում՝ նշված վարակի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով։
Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ առողջապահության և Արտաքին գործերի նախարարություններն ու ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում են՝ հետևելով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվությանը։
ՀՀ ԱԳՆ կոչին արձագանքելով՝ Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ կապ է հաստատել այդ երկրում գտնվող կամ բնակվող շուրջ 400 ՀՀ քաղաքացի։ Նրանցից որևէ մեկը առողջական վիճակի հետ կապված խնդրի մասին չի հայտնել։
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու և դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվում
Չինաստանում արձանագրված նոր #կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մի շարք քայլեր է ձեռնարկել։
Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային և ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում և արտաքին զննում։
Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են ջերմություն, ինչպես նաև վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ԱԱՏՄ աշխատակիցների կողմից ուղևորը մեկուսացվում է՝ անձնակազմի և մյուս ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում և արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։
Առողջապահության նախարարության հետ համատեղ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու և դեպքերի ներկրումը ՀՀ կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։
Մասնավորապես,
• միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,
• Չինաստանից վերադառնալիս գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: