«Ժողովուրդ». Հայաստանում Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան. չեն կարողանա ախտորոշել՝ մարդը այդ վիրուսով վարակվա՞ծ է, թե՞ ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեև Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են զգուշանալ չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում: Քաղաքացիների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց Երևանում գործող մի քանի չինական ռեստորաններում: Թեև աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ որևէ խնդիր չկա, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ հիմնականում ռեստորանները դատարկ էին:
ՀՀ քաղաքացիների մյուս անհանգստությունը կապված է չինական տեխնիկայի հետ: Զրուցեցինք «ՎԻ ԷԼ ՎԻ» ցանցի ներկայացուցչի հետ, ով ասաց, որ սառնարանի հետ չի կարող վարակը ներթափանցել:
Նույնպիսի վստահությամբ պատասխանեցին նաև փոխադրող «Գլոբբինգ» ընկերությունից: Հայաստանցիների գերակշիռ մասը ծանրոցներ ստանում է Չինաստանից «Գլոբբինգ»-ի միջոցով: Բայց այս իրավիճակում մտահոգիչ է մեկ այլ իրողություն: Հայաստանում նոր Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան: Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարողանա ախտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ: Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դեռևս թեստերի անհրաժեշտություն չի եղել, ու, ըստ էության, պարզ էլ չէ՝ երբ հնարավոր կլինի ունենալ դրանք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։