«Իրատես». Իրավապահները դժվարանում են կանխատեսել, թե վաղը ինչ հրահանգ կարող է «վերևից» իջնել, երբ այլախոհները սկսեն քաղաքական ակտիվ պայքարը
«Իրատես» թերթը գրում է. «Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաև համակարգում։ Այդ մարդն անգամ զինված մարդու հետ գնաց բանակցեց, սեփական մեքենայով տարավ բաժին, բանակի օրով անգամ աշխատեց ու բերման ենթարկեց վարչապետին կծու, թթու խոսք ասողներին։ Հիմա այս բոլորը հո անպատասխան չե՞ն մնալու։ Սակայն եթե նրա համար այդ ամենը պաշտոն ստանալու «գինն» է, շարքային ոստիկաններին այս վիճակը վաղուց տհաճ է ու անընդունելի։
Մեր տեղեկություններով, վերևից իջեցված անտրամաբանական հրահանգներից իրավապահ համակարգում շատերն են սկսել նեղվել, սակայն ինչպես բոլոր իշխանությունն երի ժամանակ, այսօր էլ ստիպված են սեփական «խաչը» անտրտունջ տանել։ Բայց դրան զուգահեռ նրանք նաև հասկանում են, որ հանրության աչքում ոստիկանական համակարգը կամաց-կամաց փորձում են արժեզրկել։ Այս օրերին համակարգում շատերն են նկատում, որ անհեթեթ հրահանգների պատճառով նրանց գործողությունները ոչ միայն իրավական նորմերի մեջ չեն տեղավորվում, այլև շատ հաճախ զավեշտալի են։
Բայց այս ամենից զատ ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում։ Մեր աղբյուրի պնդմամբ, համակարգում կանխատեսում են, որ ընդդիմադիրների ակտիվ գործողություններին զուգընթաց հնարավոր է Նիկոլ Փաշինյանն այնպիսի հրահանգներ տա, որ սևազգեստներին ու սատանաներին բռնելու հրահանգն ընդամենը «ծաղիկ» կթվա։ Իրավապահները դժվարանում են անգամ կանխատեսել, թե վաղը ինչ հրահանգ կարող է «վերևից» իջնել, երբ այլախոհները սկսեն քաղաքական ակտիվ պայքարը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։