Երկրորդ գույքի սեփականատերն էլ Հրայր Թովմասյանը չէ. Հրապարակ
Հրապարակը գրում է .«ՀՔԾ-ի կողմից Հրայր Թովմասյանին առաջադրված և հանրային հեռուստաընկերության կողմից լուսաբանված մեղադրանքը ներառում է 2 դրվագ։ Առաջինով՝ Թովմասյանը հանդիսացել է Նոտարական պալատի կողմից վարձակալված Ալեք Մանուկյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի սեփականատեր, իսկ երկրորդի համաձայն՝ սեփականաշնորհել է Բաղրամյան պողոտայի առաջին փակուղի 14 շենքի հասցեում գտնվող անշարժ գույքը, այսպես կոչված՝ Կենտրոն նոտարական գրասենյակը, ապա այն վարձակալության է հանձնել նոտարներին։
Դեռևս մեկ ամիս առաջ, մենք տպագրեցինք հարցազրույց Ալեք Մանուկյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր, ռուսաստաբնակ գործարար, Թովմասյանի բաջանաղ Ռուբիկ Ղազարյանի հետ, ով պնդեց, որ ինքն է նշված տարածքի միակ իրավական և փաստացի սեփականատերը։ Ավելին, մենք գրեցինք, որ նշված հարցի հետ կապված ցուցմունք տալու նպատակով Ռուբիկ Ղազարյանը հատուկ ժամանել է Հայաստան և ներկայացել ՀՔԾ՝ պնդելով մեզ տված հարցազրույցի բովանդակությունը, ինչը ՀՔԾ քննիչներին դրել է անհարմար դրության մեջ։
Իսկ երեկ մեզ հաջողվեց կապ հաստատել Բաղրամյան պողոտայի առաջին փակուղի 14 շենքում գտնվող անշարժ գույքի նախկին սեփականատեր Էդուարդ Այվազյանի հետ։ Նա նշեց, որ սույն փաստի վերաբերյալ առնվազն 2 անգամ հարցաքննվել է տարբեր իրավապահ մարմիններում և զարմացած է, որ ժամանակին սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքը հանրային հեռուստաընկերությունը վերագրել է ՍԴ նախագահին։
Էդուարդ Այվազյանը պնդեց, որ ինքն է քաղաքապետարանի կազմակերպած բաց աճուրդով ձեռք բերել նշված գույքը, ինքն է նոտարների հետ պայմանավորվել վարձավճարների չափի մասով, Թովմասյանը նշվածի տարածքի հետ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ։
Ճշտող հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ՍԴ ներկայիս նախագահի հետ, Էդուարդ Այվազյանը նշեց, որ թեկուզ Հրայր Թովմասյանին ճանաչել է ուսանողական տարիներին, բայց նրանք երբևէ չեն ունեցել մտերիմ հարաբերություններ, իսկ վերջին տարիներին նա Թովմասյանին տեսել է հաշված անգամներ։ Այվազյանը նշեց, որ ներկայումս գտնվում է արտերկրում, բայց մոտ ժամանակներս վերադառնալու է հայրենիք, այդ թվում՝ նաեւ այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան