ՀՅԴ-ականները Արման Բաբաջանյանից պահանջում են վիրավորանքի համար ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում
ՀՅԴ տասնմեկ անդամ պահանջում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից վիրավորանքի համար հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում, զրպարատության համար ևս 1 դրամ փոխհատուցում:
«Բնականաբար, այս հայցադիմումի շրջանակներում մեզ չի հետաքրքրում դրամական փոխհատուցումը, շատ ավելի կարևոր է փաստի արձանագրումը, որի համար դիմել ենք դատարան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Հայկուհի Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ տասնմեկ անդամների հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պայմանով: Հայցի համար հիմք է հանդիսացել Ա. Բաբաջանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից ՀՅԴ-ի մասին հնչեցրած ելույթը, որտեղ մասնավորապես նշել էր. «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։
Փաստաբանը հայտնեց, որ խոսքը գնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1080.1 հոդվածով նախատեսված հիմքերի մասին՝ վիրավորանք և զրպարտություն: Դեռևս պարզ չէ դատական առաջին նիստի օրը:
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մանրամասնեց, թե ինչու որոշեցին հայցադիմում ներկայացնել Արման Բաբաջանյանի դեմ. «Առաջին այն փաստը, որ այսպիսի արտահայտություններ անում է ԱԺ պատգամավորը, ով օրենքով պարտավոր է նախ և առաջ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Երկրորդ՝ մի մարդ, ով հանդիսանում է նաև լրատվամիջոցի հիմնադիր: Երրորդ՝ հնչեցվում է այսպիսի արտահայտություններ ԱԺ ամբիոնից՝ քաղաքական ամենաբարձր ամբիոնից: Պատվի, արժանապատվության ու բարի համբավի դատական պաշտպանության այս մեխանիզմով ի վերջո նաև ուզում ենք մեր երկրում նախադեպ ձևավորել: Առ այս պահը մեզ հայտնի չէ որևէ դեպք, փաստ, իրավական ընթացակարգով անցած գործընթաց, որտեղ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմնի անդամներն այսպիսի հայցադիմում են ներկայացնում»:
Նա նշեց, որ ակնկալում են և ուրախ կլինեն Ա. Բաբաջանյանի տեսնելու դատարանում իր պնդումները, փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար:
«Ցանկացած փաստ մենք պատրատ ենք լսել դատարանում»,- ասաց Ա.Մինասյանը:
Նրա խոսքով, այս տարիների ընթացքում եղել են շատ հարցեր, որոնց ՀՅԴ ղեկավար մարմինները հարկ չեն համարել անդրադառնալ, այդ դատական նիստերի ընթացքում մանրամասն կներկայացվի. «Հաճախ ակնատես ենք լինում հերյուրանքների, իրականությունից կտրված հայտարարությունների, փաստերի ակնհայտ խեղաթյուրումների, սուտ, կեղծ տեղեկատվության հրապարակման: 130-ամյա քաղաքական ուժն իր անցյալի և իր ապագայի համար երաշխավորված է, քանի որ ծնվում է ազգային գաղափարախոսությունից, գնում է ապագան հենց ազգային գաղափարախոսության ներքո հայրենիք կերտելու մտածումով»:
Հ. Ստեփանյանը հավելեց, որ այս գործի շրջանակում պատասխանողը Արման Բաբաջանյանն է, հետևաբար իր փաստարկները պետք է ներկայացնի դատական նիստի ընթացքում, զրպարության մասով ապացուցման պարտականությունը ևս ինքն է կրելու:
«Նախ և առաջ կլսենք նրա փաստարկները, այնուհետև կներկայացնենք մեր փաստարկները»,- ասաց փաստաբանը:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ դատարանից ակնկալում են հավուր պատշաճի գնահատումներ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարույթ է ընդունվել
- Դաշնակցական 11 գործիչներ դատական հայց են ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ