2016-ի քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական ռմբակոծությունից զոհվեց 12-ամյա Վաղինակը. Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
«ԵԽԽՎ անդամ պետությունների կառավարությունները պետք է անեն անհրաժեշտ ամեն ինչ՝ կանխելու համար հազարավոր փախստական և գաղթական երեխաների անհետացումն ամբողջ աշխարհում: Դա ուղղակիորեն բխում է երեխայի գերագույն շահերից»,-այս մասին նախօրեին ԵԽԽՎ-ում «Փախստական ու գաղթական երեխաների անհետացման դեպքերը Եվրոպայում» զեկույցի քննարման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Միքայել Մեքումյանը։
Պատգամավորն նշում է, որ քանի որ Եվրախորհրդի անդամ բոլոր երկրները ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի կողմեր են, ուստի նրանք պետք է պաշտպանեն երեխաների շահերը: Գաղթական և փախստական երեխաների ընդունելության և խնամքի պայմանները պետք է բավարարեն մարդու իրավունքների հիմնական պահանջները: Երեխաները, լինեն նրանք փախստական, թե ոչ, իրավունք ունեն ապրելու նորմալ պայմաններում, որպեսզի չկորցնեն իրենց առողջությունը, չենթարկվեն հոգեբանական խեղման:
«Իսկ ի՞նչ եղավ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի զինյալները կործանարար ռումբեր էին արձակում խաղաղ հայ բնակչության դեմ Արցախում: Եղավ այն, որ 12-ամյա հայ պատանին՝ Վաղինակը, զոհվեց ադրբեջանական ռմբակոծությունից։ Ընդ որում, այդ հարվածները սրիկաները տեղացել էին հենց դպրոցի վրա: Վիրավորվեցին տասնյակ այլ դպրոցականներ ևս: Բայց ու՞ր է այդ ոճրագործության քաղաքական և իրավական գնահատականը:
Պարզից էլ պարզ է, որ նման ոճրագործությունները չպետք է ներվեն: Եվ ի՞նչ ներելու մասին է խոսքը, երբ Ռամիլ Սաֆարովի նման տականքներն Ադրբեջանում հերոսացվում են: Սա նշանակում է, որ չպետք է ներել այդ հերոսացումը կազմակերպող պետությանը: Այո, այդ պրակտիկան կա միջազգային իրավական կոնվենցիաներում: Եվ դա պետք է կիրառել:
Ս.թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Արցախի ժողովուրդը պատրաստ է նոր ընտրություններին, և դուք կտեսնեք այդ առումով, թե որն է ժողովրդավարությունը: Այո, կայացած պետություն՝ իր բոլոր պետական ինստիտուտներով: Այդ թեմայով կխոսենք դրանից հետո՝ ապրիլ ամսին:
Վերջում ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի պատվիրակության մեր գործընկերոջ կողմից առավոտյան արված հայտարարությանը։ Նա շատ տարօրինակ մի բան ասեց՝ իբրև թե Ադրբեջանի անկայուն վիճակն ու տարբեր խնդիրները պայմանավորված են Արցախի անկախության փաստով։
Ո'չ, և կրկին անգամ ո'չ, սա արհեստականորեն ստեղծված փաստարկ է։
Կարծում եմ՝ մենք միշտ միասին պետք է իրավական և քաղաքական գնահատական տանք նշված երևույթներին»,-ասել է Մելքումյանը։