Նաիրի Հունանյանի նամակը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակը գլխավոր դատախազությունը հասցեագրել է Ազգային անվտանգության ծառայությանը։
«Ստացել ենք ՀՀ դատախազությանը վերահասցեագրված՝ Ն. Հունանյանի կողմից ՀՀ վարչապետին ուղղված նամակը: Այն մեր կողմից ուղարկվել է ԱԱԾ՝ հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Դատախազությունից հրաժարվեցին մասնրամասներ հրապարակել Հունանյանի նամակի բովանդակությունից։
Ավելի վաղ՝ 2019-ի հոկտեմբերին ՔԿՀ-ից հայտնեցին, որ Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։
Հոկտեմբերի 28-ին ֆեյսբուքյան իր էջում արդարադատության նախարարը տեղեկացրել էր.
«2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց:
Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում»։
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկություն իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվել է 2003 թ. դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրել է վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվել են ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել խումբը գլխավորող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը (2004-ին ինքնասպան է եղել), Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը (2017-ին մահացել է իր մենախցում), Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման (2010-ին սրտի կաթվածից մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ), Նորայր Եղիազարյանը մինչ դատավճռի կայացումը էլեկտրահարվել էր իր խցում։
Ահաբեկչական գործողությանը զոհ է դարձել 8 մարդ՝ Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
Ի դեպ, գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը լքել է հանրապետության տարածքը, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք վերցնելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակով խոստացել է աջակցել կազմակերպիչների բացահայտմանը
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը:
- Դատավոր Սամվել Ուզունյանը կասկածվում է կաշառք ստանալու մեջ
- Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ազատազրկման միջնորդությունը բավարարվել է
- Նախարարը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման մասին
- Արդարադատության նախկին նախարար. Բացարձակապես իմաստ չեմ տեսել Նաիրի Հունանյանի հետ անգամ 1 րոպե հանդիպել
- Անդրանիկ Քոչարյանը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ
- Արման Բաբաջանյանը երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ
- Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար
- Փաշինյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին