Ավազակային հարձակում Երևանում
2020թ. հունվարի 29-ին, Երևան քաղաքում գործող հանրախանութի 25-ամյա հսկիչ-գանձապահը ոստիկանություն հաղորդել է, որ ժամը 14:05-ի սահմաններում, ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, հանրախանութ է մտել անհայտ անձ։
Իր մոտ եղած երկաթե շղթան պտտելով՝ նա հարձակվել է դրամարկղի աշխատակցուհիների վրա, շղթայով հարվածել է գանձապահի գլխին, պահանջել գումար, ինչից հետո փորձել է խանութի դրամարկղից գումար հափշտակել:
Սակայն նույն հանրախանութի 31-ամյա մենեջերը վնասազերծել է հարձակում գործած տղամարդուն։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Անձը ձերբակալվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 4-րդ կետով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա շղթան:
Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1998 թվականին: Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել՝ հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:
Վերոնշյալ հանրախանութում գործունեություն ծավալող իրավաբանական անձը և նրա հսկիչ-գանձապահը ճանաչվել են տուժողներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: