2019 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 %-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2019 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 7.8 տոկոսով։
Հիշեցնենք, որ 2018թ-ին ՏԱՑ-ը աճել էր 5.8 տոկոսով:
2018թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա` նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 24.9 տոկոսով:
Այսպիսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-դեկտեմբերին աճել է 9%-ով, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 14.7%-ով, շինարարության ծավալն էլ աճել է 4.6%-ով։
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այստեղ 2019թ-ի հունվար-դեկտեմբերին գրանցվել է 8.9%-ի աճ, 2019թ-ի դեկտեմբերին 2018թ-ի դեկտեմբերի համեմատ՝ 6.4%-ի աճ, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ 27.7%-ի աճ:
2019թ-ի հունվար-դեկտեմբերին 15%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, նոյեմբերի համեմատ էլ՝ 21%-ի աճ:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2019թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.2%-ով։ Հունվար-դեկտեմբերին 1.9%-ով էլ նվազել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը։
Սպառողական գներն էլ, ըստ վիճակագրության, հունվար-դեկտեմբերին աճել են 1.4%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ գրանցվել է 1,3%-ի աճ:
Ըստ վիճակագրական կոմիտեի` 2019 թվականին Հայաստանը արտաքին աշխարհի հետ իրականացրել է 8 մլրդ 154.1 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 10.4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 2 մլրդ 640.3 մլն դոլար՝ 2018թ-ի համեմատ աճելով 9.4%-ով, իսկ ներմուծումը կազմել է 5 մլրդ 513.8 մլն դոլար՝ աճելով 10.8%-ով:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, 2019թ-ի հունվար-դեկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5,8 %-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ աճել է 26.4%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 8.4%` կազմելով է 161,8 հազար դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աշխատավարձն աճել է 3.8%՝ հասնելով շուրջ 193,3 հազար դրամի: