1998 և 2003 թվականների նախագահական ընտրությունների արդյունքներն իրավաբանորեն անվիճարկելի են
Սարգիս Գրիգորյանը (GPARTNERS իրավաբանական գրասենյակ) մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը երբևիցե չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ և որ երկու ընտրություններն էլ վստահություն չեն ներշնչում քաղաքացիների մոտ:
Նա ասել է.
«Նշվածի հետ կապված՝ հարկ է նշել հետևյալը.
1998 թվականի և այնուհետև 2003 թվականի՝ Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով Նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, որպիսի փաստն իրավական տեսանկյունից անվիճելի է: 2003 թվականի մարտի 11-ին Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից կայացվել է թիվ 36-Ա որոշումը` Նախագահ ընտրվելու մասին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը: Այնուհետև՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննելով ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործերը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերոնշյալ որոշումը /24 մարտի 2003 թվականի ՍԴՈ-408, 16 ապրիլի 2003 թվականի ՍԴՈ-412/։
Ուստի, իրավաբանական ուժ ստացած ակտերի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:
Հայաստանի Հանրապետությունում Նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմինը դեռևս Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովն է, և ոչ թե Ալեն Սիմոնյանը:
Իսկ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար կար հստակ իրավական ընթացակարգ: Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրական դատարանի լիազորությունների մեջ է մտել, ի թիվս այլոց, Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը: Նման պայմաններում, Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությունն առնվազն դուրս է իր լիազորությունների շրջանակից: Նման անհիմն հայտարարությունները հատկապես պաշտոնատար անձանց կողմից վկայում են միայն ցածր իրավագիտակցության մակարդակի մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ չփաստարկված, անհիմն, զրպարտիչ բնույթ կրող հայտարարություներից, իսկ նման արտահայտություններ այնուամենայնիվ թույլ տալու պարագայում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում դրանք հրապարակայնորեն հերքել»: