Դավիթ Հարությունյանը դիմել է ՀՔԾ՝ նոտարների գործով տեղեկություններ տրամադրելու համար
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը երկու օր առաջ գրավոր դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ նոտարական պալատի կողմից տարածքի վարձակալության մասով իր ունեցած տեղեկությունները հայտնելու համար: Նա հայտարարել է այդ մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ։
Իրավաբանը նշել է, որ ՀՔԾ-ին առաջարկել է ներկայացնել տեղեկություններ, որոնց տիրապետում է, սակայն դեռևս արձագանք չկա։
«Հիմա չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչ տեղեկատվության եմ տիրապետում, բայց կարող եմ ասել՝ ինչ ներկայացվել է Հանրային հեռուստաընկերությամբ ներկայացված հաղորդման երկրորդ դրվագում, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն ծայրահեղ մանիպուլատիվ և կողմնակալ մոտեցում էր, որն իրականության հետ կապ չունի»,-ասել է Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ նման մոտեցում կա նաև առաջին դրվագում։
Ըստ նրա՝ Հանրայինի ռեպորտաժում խախտվել է անմեղության կանխավարկածը, չի ներկայացվել երկրորդ կողմի կարծիքը, այն աղճատված է ու աղավաղված, ինչն անթույլատրելի է։
«Բանն այն է, որ անմեղության կանխավարկածը ոչ թե սոսկ բառակապակցություն է, այլ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունք։ Խախտելով Սահմանդրությամբ ամրագրված մարդու իրավունքը վարչապետը հստակ ուղերձ է հղում հանրությանը, որ պատրաստ է խախտել ցանկացած իրավունք։ Ես չեմ ասում այն մասին, որ սա ուղղակի, սոսկալի ճնշում է, դատական իշխանության վրա, քանի որ դատկան պրոցես դեռ տեղի չի ունեցել, կարծես վերջնական դատավճիռն է արձակվում և ուղերձ է հղվում դատավորներին, թե ինչ է իրենցից ակնկալվելու»,-ասաց Հարությունյանը։
Նա ցավ է հայտնել, որ իրավական ու քաղաքակիրթ որևէ երկրում երկրի ղեկավարը նման բան իրեն թույլ չի տա, ցավոք սրտի, նման երևույթները ոչ միայն առկա են Հայաստանում, այլև շատանում են։
Նա նաև անդրադարձավ այդ ռեպորտաժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրելուն ու մեկնաբանելուն։
«Դա ուղղակի վտանգ է երկրի պետականության համար»,-ասաց նա՝ ավելացնելով, հեռու է այն մտքից, որ մինչ իշխանափոխությունը Հայաստանում եղել է բացարձակ անկախ դատական համակարգ, սակայն տարեցտարի անկախ դատական համակարգ ունենալու ուղղությամբ քայլեր են արվել։
Հարությունյանը պնդում է, որ ՍԴ հետ խնդիրը ծագեց այն պահին, երբ ՍԴ-ն վարույթ ընդունեց Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված առաջին ատյանի դատարանի դիմումը։
«Այսինքն՝ խնդիրը վերաբերում է մեկ հարցի՝ գործադիր իշխանությունը ուզում է, որ Սահմանդրական դատարանը կայացնի որոշումներ, որոնք սկզբունքորեն գործադիրի սրտով են։ Խնդիրը զուտ քաղաքական է»,-ասաց Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին