Նաղդալյան. Դավիթ Շահնազարյանի վերլուծությունները որևէ աղերս չունեն այսօրվա իրականության հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ժնևում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին Դավիթ Շահնազարյանի արած վերլուծություններում որևէ աղերս չի տեսնում իրականության հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ա. Նաղդալյանը:
«Դավիթ Շահնազարյանի կողմից կատարված վերլուծությունները գուցե կարող են գրավիչ լինել ադրբեջանական կողմի կամ դրանք տարածող շրջանակների համար, սակայն դրանց հիմնական թերությունը այն է, որ դրանք որևէ աղերս չունեն այսօրվա իրականության հետ»,- ասել է Աննա Նաղդալյանը:
Աղբյուրի հաղորդմամբ, Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշել էր նա:
Հունվարի 29-30-ը տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել: «Ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել.Աշոտյան
- Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը.Նաղդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան