«Ադրբեջանական լվացքատան» կասկածյալների տները երեկ խուզարկության են ենթարկվել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը հունվարի 30-ին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ Կարին Շտրենցին։
Ոստիկանական զորքերը նախօրեին ներխուժել են Գերմանիայի և Բելգիայի քաղաքներում ադրբեջանական փողերի լվացման մեջ կասկածվողների տներ և գրասենյակներ՝ փորձելով գտնել փողերի հոսքերի ուղիները։ Այս տեղեկությունը հաստատել է Ֆրանկֆուրտի դատախազությունը:
Law360 լրատվական գործակալության փոխանցմամբ, գործողությունների թիրախ են եղել Գերմանիայի Բունդեսթագի մեկ գործող և մեկ նախկին անդամ, որոնք մեղադրվում են պետական պաշտոնյաներին կաշառելու մեջ, մինչդեռ երրորդ կասկածյալը Բելգիայի քաղաքացի է:
Գերմանական Süddeutsche Zeitung օրաթերթը հայտնում է, որ ոստիկանությունը հետաքննում է ՔԴՄ (Քրիստոնեա-դեմոկրատական միություն) պառլամենտի անդամ Կարին Շտրենցին և ՔՍՄ (Քրիստոնեական սոցիալական միություն) նախկին պատգամավոր Էդուարդ Լինթներին: Երկուսն էլ կասկածվում են «պետական պաշտոնյաներին կաշառելու» մեջ:
Ոստիկանական գործողությունների հետ մեկտեղ, գերմանական Բունդեսթագը, ըստ տեղեկությունների, անձեռնմխելիությունից զրկել է Շտրենցին, ինչպես նաև աջ Այլընտրանք Գերմանիայի համար խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Գյուլանդին։ Նշվում է, որ Գյուլանդի և Ադրբեջանի լվացքատան միջև կապ չի եղել, փոխարենը բացատրվել է, որ նրա անձեռնմխելիությունը հանվել է «հարկերից խուսափելու» մեղադրանքների պատճառով:
Հիշեցնենք, որ Կարին Շտրենցը և Լինթները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության անդամ էին, որտեղ էլ հանդես էին գալիս Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ և հակահայկական դիրքորոշումներով։ Ենթադրվում է, որ Շտրենցն առնվազն 22,000 եվրո է ստացել Ադրբեջանի ռեժիմի համար լոբբինգ ունենալու համար, իսկ գումարը փոխանցվել է Լինթների լոբբիստական ընկերության միջոցով:
Լինթների դեմ պնդումները, ըստ Frankfurter Allgemeine Zeitung-ի, ավելի լուրջ են: Ենթադրվում է, որ 2008-ից մինչև 2016 թվականը նա Ադրբեջանից ստացել է մոտ 4 միլիոն եվրո։ Լինթների դերը, ըստ զեկույցի, ԵԽԽՎ անդամներին կաշառելն էր՝ Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ դրական հայտարարությունների, Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին չխոսելու համար։
Փողերի լվացման մեջ մեղադրվող երրորդ կասկածյալի ինքնությունը դեռևս չի հաղորդվում, նշվում է, որ նա Բելգիայի քաղաքացի է, և նրան մեղադրանք են առաջադրվել այն բանի համար, որ իր փաստաբանական ընկերությունը և իր բանկային հաշիվներին գումարներ են փոխանցվել Ադրբեջանից։
Նշենք սակայն, որ ինչպես Panorama-ն նախկինում հայտնել էր, ադրբեջանական լոնդրոմատում Բելգիայից ներգրավված էին կրկին ԵԽԽՎ նախկին պատգամավորներ Ալան Դեստեքսն ու Ստեֆ Գորիսը։ Վերջիններս 2010թ․-ին Բելգիայում հիմնել էին «Ընտրությունների դիտարկման եվրոպական ակադեմիա» ասոցիացիա, որը կրկին գումարներ էր ստանում Լինթների կողմից։
Ըստ բացահայտումների, Ադրբեջանից այն ստացել է 1,1մլն դոլար։ ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոնդրոմատի բացահայտումից հետո 2018թ.-ին Դեստեքսը հրաժարական տվեց։
Վերջում էլ ավելացնենք, որ ադրբեջանական գումարների մեծ մասը ուղղվել էր նաև 2013թ.-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին գերմանացի պատգամավոր Շտրասերի զեկույցի տապալմանը։ Ահա երեկ արդեն, ԵԽԽՎ-ն նոր ընդունված զեկույցով հաստատեց՝ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին