Ես առաջարկում եմ ՀՀ իշխանություններին, որ կիրառեն ներման ինստիտուտը. Իշխանյան
«Եթե ցմահ դատապարտյալը զղջում է իր արածի համար և տուժողի իրավահաջորդների հետ լինում է հաշտություն, ես առաջարկում եմ ՀՀ իշխանություններին, որ կիրառեն ներման ինստիտուտը, մնացած դեպքերում գործեն վաղաժամկետ ազատման իրավական նորմերը»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունվարի 24-ին հրապարակած վճռով՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվեց։
Նրա խոսքով՝ միակ դեպքը նախորդ իշխանության ժամանակ, որ ցմահ դատապարտյալը վաղաժամկետ ազատ է արձակվել, Սողոմոն Քոչարյանն էր։
«Իրականում, ես համոզված եմ՝ ազատ արձակման պատճառն այն էր, որ Քոչարյանը մահվան շեմին էր։ Փաստորեն հիվանդության պատճառով ազատվելը որևէ բան չի նշանակում»,- նշեց նա։
Ավետիք Իշխանյանն ասաց՝ իշխանափոխությունից հետո իր մոտ հույսեր էին արթնացել, որ նոր իշխանության կողմից բարձրացված հարցերը վեր կհանվեն և կսկսեր գործել վաղաժամկետ ազատման մեխանիզմը, սակայն եթե ինչ-որ առաջընթաց նկատում են, ապա դա այն չէ, որ պետք է լիներ։
«Իմ տպավորությամբ նոր իշխանությունների մոտ կա քաղաքական որոշում՝ Հայաստանի դատարանների որոշումները նորից անբեկանելի են, այսինքն՝ ամեն դեպքում ցմահներին չանդրադառնալ»,- նկատեց իրավապաշտպանը։
Ավետիք Իշխանյանը նշեց նաև, որ իր համար անընդունելի է, երբ վաղաժամկետ ազատման համար վարքագծի հիմքի դեպքում պետք է լսել տուժողի իրավահաջորդի կարծիքը։
«Ամենածանր հանցագործությունների համար նույն մեղադրանքով դատապարտվում են տարբեր պատժաչափերով՝ 15, 20,25 տարի և ցմահ, և եթե համեմատենք այդ գործերը, հավանական է, որ շատ ավելի ծանր հանցագործությունների համար մարդը դատապարտված լինի 15 տարի, իսկ մեկ ուրիշը՝ ցմահ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու 15 տարի ազատազրկվածի ազատ արձակման ժամանակ չեն հարցնում տուժողների իրավահաջորդի կարծիքը, իսկ ցմահի դեպքում պետք է հարցնել։ Մենք մեր հույսը դնում ենք մարդկանց ներման ցանկության վրա, իսկ մարդիկ տարբեր են լինում. մեկի մոտ կարող է այդ ցավն իր մեջից երբեք չանցնի և չների, իսկ մյուսը կարող է առաջին օրվանից ներել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է միջազգային փորձին, Ավետիք Իշխանյանը նշեց, որ ԱՄՆ որոշ նահանգներում այդ փորձը կա, իսկ Եվրոպայում տուժողների իրավահաջորդների կարծիքը հաշվի առնելու մասին հարց գոյություն չունի։
«Հստակ օրենք է գործում, և իրավական պետության մեջ այդ օրենքը պետք է լինի»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Ցմահ դատապարտյալն ազատ կարձակվի
- Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հարազատների խնդրագիրը վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան