Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է. Թևան Պողոսյան
«Արցախյան հակամարտությունն անդրադառնալիս պետք է լավ գիտակցել՝ Արցախի Հանրապետությունը կայացած քաղաքական միավոր է, և նա իր ճանապարհը հարթելով գնում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով, այժմ կարևոր է, որ Արցախում կայանալիք ընտրություններն անցնեն շատ լավ, որպեսզի աշխարհին Արցախի զարգացումների մասին հայտնելու հնարավորություն լինի։
«Ւմ պատկերացմամբ, Ադրբեջանում կա ընդունված քաղաքական որոշում, որ ինքը միայն ռազմական ճանապարհով ա գնալու։ Էնպես որ բոլոր եղած բանակցություններն ու այլ խնդիրները պարզապես իրենց շահերն առաջ տանելու համար են։ Մենք էլ պիտի գիտակցենք, որ միակ զսպող ուժը և խաղաղություն պարտադրողը տարածաշրջանում Արցախի պաշտպանության բանակն է և ՀՀ զինված ուժերը։ Դա նշանակում ա, որ մենք մեր տնային աշխատանքը, անկախ ցանկացած տեսակ հանդիպումից, պետք ա կարողանանք անել և փոխել իրականությունը հողի վրա»,- նշեց Պողոսյանը։
Վերջինիս խոսքով, հողի վրա իրականությունը փոխելու լավագուն օրինակներից է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած «դարի գործարքը», որով Իսրայելում հողի վրա իրականությունը փոխելու համար ԱՄՆ-ը լիակատար այլ մոտեցումներ է առաջ բերում. «Էլ չասենք, որ ժամանակին եղել են հազարավոր բանակցություններ, համաձայնագիր, բայց նման որևէ բան հիմա տեղի չի ունենում»։
Պողոսյանը նշեց, որ այսօրվա բանակցային գործընթացը մարտավարության խնդիր է, թե ոնց պետությունը կարող է օգտագործել այդ բանակցային գործընթացը այն ժամանակահատվածի համար, որտեղ նա կպատրաստվի և կկարողանա իրականությունը փոխել հողի վրա՝ հօգուտ իրեն։
«Ամենագլխավոր խնդիրն այն է, որ էդ շահած ժամանակը օգտագործվի։ Որովհետև, երբ խոսում են, թե ժամանակն ում համար է աշխատում, իմ պատկերացմամբ, ժամանակն աշխատում է նրա համար, ով այն օգտագործում է։ Այնպես որ, մենք մեր տնային աշխատանքը, այսպես թե այնպես, պետք է անանք առանց որևէ կարևորության՝ հանդիպում կա, չկա։ Մենք մեր զարկը պետք ա տանք հզոր տնտեսություն կառուցելու, ժողովրդավարական ինստիտուտների, գիտության, ռազմաարդյունաբերության, ժողովրդագրության խնդիրների լուծմանը»,- նշեց Պողոսյանը։
Ըստ նրա, եթե Հայաստանն այլևս չի դիտարկելու, որ միասնական Հատաստանը լինելու է հավերժ, ապա երևի վարվող քաղաքականությունն էլ այդ հավերժության մեջ չի հաջողի. «Իսկ եթե հավերժություն ես դիտարկում, ապա 101 տարի ա՝ կա էս հակամարտությունը, եթե 301 տարի էլ շարունակվի, դու էլ պայքարելով տանես, խնդիր չի լինի»։
Անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով երկօրյա հանդիպմանը՝ Պողոսյանը նշեց, որ այն եղել է հերթական, մի քիչ ավելի երկար հանդիպում. «Երկար հանդիպումներ եղել են և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարսգայնի ժամանակ։ Այնպես որ, այստեղ խնդիրը հանդիպման երկարությունը չի, այլ հարցն այն է, թե մենք էդ ցանկացած բանակցությունից հետո ոնց ենք կարողանալու ի շահ հայկական տեսակետների բոլոր խնդիրների մեկնաբանությունները տալ»։
Թևան Պողոսյանը նշեց, որ 2019 թվականին տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպում, և բոլոր հանդիպումներից դուրս գալուց հետո Մամեդյարովը իր պատմությունը պատմել է, ինչը ներազդել է ՀՀ-ի վրա, հետո հասկացվել է, որ որևէ բան տեղից չի շարժվել.
«Իսկ ամեն ինչը ավարտվել է Բրատիսլավայում Մնացականյանի ելույթով։ Էդ բանից հետո հասկանալի էր, որ երևի երկար քննարկվել է՝ որն է պատճառը, և երևի Մինսկի խմբի համանախագահների գիտակցությանը հասել է, որ պետք է կարողանան զսպել, որպեսզի ամեն հանդիպումից հետո ադրբեջանական կողմը պետք է այլևս որևէ մեկնաբանություն, հարցազրույց և այլ բան չանի։ Նույնիսկ էս պարագայում իրենք մի փոքր փորձեցին խառնակչություն անել, ու էդ նույն համաձայնեցված տեքստի մեջ գրեն, որ նաև քննարկվել է Հելսինկյան պակտը։ Դրան ի պատասխան հայկական կողմը նշել է, որ քննարկվել է, թե ինչպես են Արցախի իշխանությունները վերադառնալու բանակցությունների սեղան»։
Պողոսյանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահները հոգնել են այս ամենից, և որոշեցին, որ կոնֆիդենցիալությունը պետք է պահվի, որպեսզի ինչ-որ չափով զսպեն էդ կողմին։
«Իսկ ինչու Մամեդյարովն ունի այդ մեծ ցանկությունը, քանի որ փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ, առաջանում է իշխանության տրանզիտության խնդիր, իսկ Մամեդյարովն արդեն 14-16 տարի է՝ արտգործնախարար է։ Ինքը բնական է՝ շատ է ուզում մնալ, բայց նաև ներքին պայքարից հասկանում ենք, որ նրա դիրքերը էդքան էլ ուժեղ չեն։ Էնպես որ, մարդու հետ, ով երկար ճանապարհ չի անցնելու այդ դաշտում, դժվար թե գնային և լուրջ խնդիրների մասին քննարկեին»,- նշեց Պողոսյանը։
Բացի այդ, ըստ բանախոսի, ՀՀ-ում կա ժողովրդավարական զարգացում, որովհետև հասարակությունը սովորել է պահանջատեր լինել, թե ինչի համար է քվե տվել. «Իսկ քվե ենք տվել, որ իրենց խոստումները կյանքի կոչեն։ Խոստացել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, եկեք պահանջատեր լինենք, որ դա է լինելու։ Խոստացել են, որ ցանկացած բան անելու են մաքսիմալ թափանցիկ և հաշվետու, ուրեմն պետք է էդ պահանջը դնենք։ Նաև խոստացել են, որ որևէ բան չի լինելու, առանց բոլորի հետ էդ հարցերը քննարկելու, հուսով եմ, որ ժամանակի ընթացքում էս ամենը կլինի, բայց պետք է էդ պահանջատիրությունը մեր մեջ ձևավորենք»։
Պողոսյանը հստակեցրեց, իր համար Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է ։
«Մինսկի խմբի համանախագահների խնդիրը միջնորդությունն է, ու իրենք տարբեր ժամանակահատվածներում տարբեր փաթեթներ են ձևավորելու։ Մենք պետք է սովորենք նրան, որ ամեն 10-15 տարին մեկ կարող է նոր մոտեցումների մասին խոսեն, նոր խնդիրներ լինեն։ Էդ ամենը մենք պետք է կարողանանք ընդունել և մեր հողի վրա տանենք առաջ։ Էդ ժամանակ մեր երազանքին կհասնենք»,- նշեց Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ հանդիպումը
- Ավարտվեց Մնացականյան-Մամեդյարովի հանդիպումը՝ հաջորդ օրը շարունակելու համար
- Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան