Դատախազ. Քրգործի նյութերը պաշտպանական կողմին տրամադրելը կարող է վնասել այլ անձանց իրավունքները
«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Տվյալ փուլում քննարկվում է նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործի ողջ նյութերը հրապարակայնացնելը»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ պատասխանելով, թե ի՞նչ վտանգ կարող է լինել, եթե քրգործի նյութերը տրամադրվեն պաշտպանական կողմին։
«Այն քրեական գործը, որը գտնվում է նախաքննության փուլում, ունի գաղտնիության ռեժիմ, չի կարող տրամադրվել պաշտպանական կողմից։ Դրանով կարող են վնասվել այլ անձանց իրավունքները ևս։ Գործում ներգրավված են բազմաթիվ տուժողներ, տուժողների իրավահաջորդներ, քննվում են քրեական գործով բազմաթիվ դրվագներ, որոնք այս փուլում հրապարակման ենթակա չեն»,-ասաց դատախազը։
Նա նշեց, որ օրենսդիրն մարմինն է այստեղ ունեցել մտահոգություն ու արձանագրել, որ նախաքննությունն իրականացվում է գաղտնիության պայմաններում։
«Գործի նյութերը տրամադրված են անջատված մասով։ Չորս մեղադրյալների մասով անջատվել են ու ողջ նյութերը տրամադրվել են նրանց, ինչը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքով։ Եվ դա վարույթն իրականացնող մարմնի բացառիկ լիազորությունն է»,-ասաց դատախազն ու ընդգծեց, որ վարույթն իրականացնող մարմինն օգտվել է իր լիազորությունից ու կողմերին տրամադրել գործի անջատված մասերը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօրվա նիստում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքը։
Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին։
Նշենք, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 25-ին Արմեն Դանիելյանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան