Սթափության կոչ ԵԽԽՎ-ից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա) ու Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնում Հայաստանում երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր մակարդակի պատճառով։
«Հավասարակշռումը անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգեն այն իրենց գործերով և խոսքերով՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ կապված: Եթե նրանք չկարողանան համագործակցել այս սկզբունքների համաձայն, նրանք խարխլում ու վնասում են միմյանց: Ուստի, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասներով, որ այս լարվածությունը, որն հասել է աննախադեպ մակարդակի, կարող է պատճառել ամբողջ դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն արդեն շատ ցածր է», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մինչ այժմ կառավարությունն ու խորհրդարանը հարգել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները հայցել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի վերաբերյալ:
«Համաձայն եվրոպական ստանդարտների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք է լինի խիստ կամավոր, և որ այդ սկզբունքը պետք է պահպանվի:
Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս վերոնշյալ ձևով, նույնիսկ եթե այս մեխանիզմի նպատակը, այն է՝ պահպանել 2015-ի սահմանադրական փոփոխությունների ոգին, հիմնավոր ճիշտ է», - հավելել են համազեկուցողները:
Համազեկուցողները նշում են, որ «արդեն շեշտել են, որ քաղաքական խաղացողները պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում:
«Ի հավելումն, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը։ Վերջապես, այդ լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը` լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող, թե արդեն մեկնարկած՝ Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում», - եզրափակել են համազեկուցողները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան