Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում. Մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի, ժողովրդավար հարևան
«Սա լուրջ զեկույց է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ։ Իրականում ես հասկանում եմ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար պարոն Սեիդովի մտահոգությունն այն մասին, թե ինչու ենք մենք ելույթներ ունենում։ Մենք անհանգիստ ենք մեր հարևան երկրի վիճակով. մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի, ժողովրդավար հարևան, որն, ի միջի այլոց, Եվրոպայի Խորհրդի անդամ է»,-այս մասին նախօրեին ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը՝ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների» վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ։
Մարուքյանը նշել է նման ընդգրկուն և մանրամասն հաշվետվության կարևորությունը, քանի որ այն լույս է սփռում Մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումների վրա, ինչն էլ հանգեցնում է քաղբանտարկյալների թվաքանակի աճի։
«Պակաս կարևոր չէ նշել, որ վերջին 8-10 տարիների ընթացքում քաղաքական բանտարկյալների քանակն աճել է, և հաշվետվությունը նաև ներառել է «ենթադրյալ քաղաքական բանտարկյալներ»-ի մասին տեղեկատվություն, ինչը նշանակում է, որ այդ թիվը դեռ կաճի հաջորդող տարիներին։ Սա մեծ խնդիր է։
Իհարկե Մարդու իրավունքների խախտումները և քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում բավականին մտահոգիչ է, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը ներդնում է բոլոր ուժերը միջազգային հասարակությանը ժողովրդավարական և Մարդու իրավունքների արժեքները հարգող երկիր ներկայանալու համար, պետք է նշել, որ անգամ քաղաքական բանտարկյալների գործողությունների բնույթը, որոնք համարվել են հանցագործություններ, բավականին մտահոգիչ է։
Մասնավորապես, իմ հատուկ ուշադրությունը գրավեց Մարդու իրավունքների խախտումների մեծ թիվը, որոնք ընդգրկում են ոչ միայն կեղծ քրեական մեղադրանքեր, այլ նաև խոշտանգումներ, ոչ միայն մեղադրյալների, այլ նաև նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական հայացցքների համար հետապնդվողների աջակիցների կամ փաստաբանների նկատմամբ ահաբեկումներ և ճնշումներ, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ոտնահարումները։ Պետք է նաև ընդգծեմ, որ պետական իշխանության անհանդուրժողականության հիմնական թիրախը հասարակական կազմակերպությունների ղեկավարներն են, Մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական ակտիվիստները, լրագրողները, բլոգերները և իրավաբանները, ինչը պայմանավաորված է ադրբեջանական իշխանությունների՝ այլընտրանքային կամ քննադատական կարծիք լսելու և հաշվի նստելու անկարողությամբ, տարբերվող մոտեցումներ և վարքագիծ դրսևորող ցանկացած մեկի նկատմամբ զրո հանդուրժողականությամբ։
Այսպիսով, հաշվի առնելով խնդրի կարևորությունը և ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը՝ ես ամբողջությամբ աջակցում եմ Զեկուցողի՝ Հանձնաժողովի հաջորդ նիստին փորձագետների հետ լսումներ անցկացնելու և Ադրբեջան փաստահավաք այց կազմակերպելու նախաձեռնությունը և կոչ անում ԵՄ ինստիտուտներին միասնական գործողություններ ձեռնարկել՝ ուսումնասիրելու և հանրայնացնելու համար Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակը։
Կրկին անգամ, այո՛, մենք գրանցվում ենք ելույթների համար, այո՛, մենք մտահոգված ենք մեր հարևար երկրի վիճակով, այո՛, մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավար Ադրբեջան, այո՛, մենք ցանկանում ենք ունենալ լիովին ժողովրդավար Հարավային Կովկաս, և Հարավային Կովկասում սկսված ժողովրդավարացման պրոցեսը չի կանգնի և Ադրբեջանը կդառնա ժողովրդավար պետություն»,-ասվում է ելույթում։