Նարեկ Սամսոնյան. ՀՔԾ-ն, ըստ էության, հաստատեց իմ կողմից հայտնած տեղեկությունները
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, դուրս գալով ՀՔԾ-ից, հայտարարեց, որ չէր սխալվել, թե ինչ գործով են իրեն որպես վկա հրավիրել ՀՔԾ:
«ՀՔԾ-ն, ըստ էության, հաստատեց իմ կողմից հայտնած տեղեկությունները: Դա արտահայտվեց հարուցված քրեական գործով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք՝ նախքան ՀՔԾ մտնելը նա ասել էր, որ ենթադրում է իրեն ՀՔԾ են հրավիրել իկռայի մասին իր գրառման պատճառով:
Նարեկ Սամսոնյանը նշեց, որ իրեն հարցաքննել է քննիչ Լեռնիկ Ստեփանյանը: Սամսոնյանի համոզմամբ, հարցաքննության ողջ ընթացքը վերահսկվում էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից: Նրա ներկայացմամբ, հարցաքննության ընթացքում քննիչը 7-10 րոպեով դուրս է եկել սենյակից, ապա վերադարձել ու նոր հարցեր տվել:
«Հարցաքննությունից հետո մենք վերցրեցինք թուղթը՝ որպեսզի ծանոթանանք թղթի վրա հավաքված ցուցմունքին, ու պարզվեց հետևյալը՝ քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տրված պատասխաններն արձանագրել էր սկզբում, վերջում՝ տպելուց առաջ, ջնջել էր, նոր տպել: Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը պաշտոնական կեղծիք արեց, իմ խոսքերը հեռացրեց հարցին պատասխանելու տրամաբանությունից: Ինձ տրված հարցին պատասխանել եմ՝ վերջում ավելացելով, որ իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է նաև արտաքին գործոններով, որոնցից ամենաառաջինն այն է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվել, զբաղվում է ու պետք է ենթարկվի վաղ թե ուշ պատասխանատվության: Այս հարցի պատասխանը քննիչը վերջում հանել էր: Վերջում մենք հրաժարվեցինք մասնակցել որևէ գործողության, որովհետև գործ ունենք պաշտոնական կեղծիք կատարած քննիչի հետ:
Հայտարարում եմ, որ սա ուղղակիորեն քաղաքական հետապնդում է, որի հիմնական նպատակն է որևէ ձևով սահմանափակել իմ խոսքի ազատությունը, մեկուսացնել որևէ ձևով ինձ, որևէ հնարավոր խութ գտնել ու ինձ մեղադրանք առաջադրել, ինչը շարունակելու է անել կեղծարար քննիչը: Կասկած չունենանք՝ սա ամբողջովին ուղղորդված է Նիկոլ Փաշինյանի կողմից:
Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով Սասուն Խաչատրյանը հերթական քաղաքական հետապնդումն է նախաձեռնել իր հետ հանցակից դարձնելով Լեռնիկ Ստեփանյանին»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:
Ն. Սամսոնյանի պաշտպան Սամվել Սիմոնյանը նշեց, որ պարզել են՝ վկային ներկայացրած պատասխանները հետագայում հանել են համակարգչով հավաքված տեքստից:
«Մենք պարզեցինք, որ Սամսոնյանի կողմից պատասխանները, որոնք ներկայացվել էր քննիչին, համակարգչով հավաքված էր, բայց տեքստից բացակայում էին: Հանցակազմ տեսնում եմ, ի՞նչ է նշանակում վկայի ցուցմունքը, տրված պատասխանը հետագայում հանել, որևէ քննիչ իրավունք չունի նրա պատասխանը նենգափոխել, հանել»,- ասաց փաստաբանը:
Ն. Սամսոնյանն ասաց, որ քննիչը վերելակի մոտ իրեն սպառնացել է, որ դատելու է. «Եթե կա մեղադրյալ, կգտնվի նաև հոդված, սա այս Հայաստանն է: Սպասում եմ՝ ինչ հոդվածով են ինձ դատելու, կարող է երկու ժամ հետո դառնամ մեղադրյալ, ինձ նորից բերման ենթարկեն, ցանկացած մեղադրանք առաջադրեն»:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է
- ՀՔԾ. Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է` բացատրություն տալու
- Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ ՀՔԾ
- Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ
- Նարեկ Սամսոնյան. Երեկ երկրում տեղի է ունեցել իրադարձություն, որը նոր քաղաքական մշակույթի սկիզբ է դրել
- Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից
- Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը