Ցվետանա Պասկալևա. Առավոտյան պետք է ժպտայի
Լրագրող, վավերագրող, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևան գրողների և ազատամարտիկների ընկերակցությամբ տոնել է ծննդյան վաթսունամյա հոբելյանը:
«Արցախպրեսի» հաղորդմամբ, միջոցառումն անցկացվել է հունվարի 30-ին Ավ.Իսահակյանի անվան գրադարանում: Պասկալևային ընդունել են ծաղիկներով, ծննդյան տորթով և բարեմաղթանքներով` ներկայացնելով հոլովակ, որը պատմում է նրա` Արցախյան ազատամարտի ժամանակ կատարած ծանր աշխատանքի մասին:
«Երբ Հայաստանը կրակի կենտրոն էր դարձել, Ցվետանան թողեց ազատ ու ապահով երկիրը և, ապավինելով հոգու կանչին, եկավ Հայաստան, որ աշխարհին պատմի մեր ազնիվ և արդար գոյամարտի մասին: Պասկալևայի մասին ասում են. «Բուլղարուհին, որ խոսում է հայերեն», «Հայաստանի դուստր Ցվետանա»: Սրանով ամեն ինչ ասված է»,-նշել է գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը` շնորհակալություն հայտնելով Պասկալևային նվիրման համար:
Ցվետանա Պասկալևան, դիտելով տեսանյութը, հուզվել է` հիշելով այն հերոսներին, որոնք պատերազմից չվերադարձան: Հոբելյարը պատմել է, որ Հայաստան է եկել, որպես լրագրող, բայց մնացել է մեր երկրում հոգու կանչով:
«Երբ հայտնվեցի իրադարձությունների կիզակետում և տեսա, որ այդ ամենը ողբերգություն է, հասկացա, որ Ղարաբաղի ժողովուրդն իմ օգնության կարիքն ունի, նրան անհրաժեշտ էր իմ խոսքը, կադրերը: Ելքը միջազգային հարթակ հայերի համար այդ ժամանակներում շատ բարդ էր: Ինձ համար էլ էր դժվար, քանի որ Հայաստանը շրջափակման մեջ էր, լույս չկար, նյութերը երկրից երկիր ուղարկելը խրթին էր»,-պատմել է օրվա հերոսուհին:
Նա խոստովանել է` սկզբում չէր գիտակցում, որ ժամանակագրություն է ստեղծում: Կարծել է, միայն լուր է հաղորդում`աշխարհի ուշադրությունը հրավիրելով ղարաբաղյան խնդրի վրա: Պարզվել է` լուրջ վավերագրություն է ստեղծում:
«Շատ բարդ էր ամեն բան: Ես երբեք զենք չեմ բռնել: Ամեն երեկո Աստծուն աղոթում էի, որ օգնի ինձ, որ ձեռքս ամուր լինի, որ կարողանամ առաջ գնալ, որ արցունքներս չխանգարեն տեսնել այդ ամենն ու պատմել, որ չհոգնեմ: Առավոտյան պետք է ժպտայի: Փորձում էի կանացի լինել: Զինվորները հաճախ էին ասում`երբ անցնում եմ նրանց կողքով` տարածելով օծանելիքիս բույրը, այդ դժոխքում անգամ ցանկանում են ապրել, վերադառնալ տուն»,-ասել է Պասկալևան:
Ազգությամբ բուլղարուհի Ցվետանա Պասկալևան 1984 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը։
1991-1994 թվականներին աշխատել է Արցախում, Գետաշենում, Շահումյանում, լուսաբանել է արցախյան հերոսամարտը, Արցախի խնդիրը ներկայացրել է միջազգային հանրությանը:
Նկարահանել է պատերազմական իրադարձություններին, արցախյան ազատագրական պայքարին նվիրված վեց վավերագրական կինոնկար`«Ղարաբաղի վերքերը» ընդհանուր անվանումով: Ֆիլմերն արժանացլ են մի շարք մրցանակների:
1993-1994 թվականներին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» և այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի։
1995-1997 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ վարել է Արցախի անցյալին և ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1998-2001 թվականներին` Հայաստանի և ԱՀ խնդիրների շուրջ՝ «Ասպեկտ» հեղինակային, հրապարակախոսավերլուծական հաղորդաշարերը։ 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությամբ վարում է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված «Նվիրյալները» հաղորդաշարը:
2001 թվականին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի և հավատ» փաստավավերագրական ֆիլմը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան