Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծման համար. Փաշինյան
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում իր խոսքում վարչապետն իր ողջույնի խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինիին՝ նիստը բարեհաջող անցկացնելու համար, ապա ողջունել ՌԴ վարչապետ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին և Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուին, ովքեր առաջին անգամ են մասնակցել ԵԱՏՄ խորհրդի նիստին։
«Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը:
Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:
Այսօրվա նիստի օրակարգի հարցերի մասին կցանկանայի նշել հետևյալը. այսօր հերթական անգամ քննարկվեց ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը:
Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա:
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով»,- նշել է Փաշինյանը։
Իր խոսքի վերջում Փաշինյանը նշել է, որ Հայաստանըստանը պատրաստակամ է այս տարի հյուրընկալել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը. «Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եվ մեր կողմից ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով»: