Ժնևյան բանակցություններին ընդառաջ առաջնագծում հրադադարի խախտումներն ավելացել են
Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց: Տեղեկատվությունը հրապարակել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախորդ շաբաթների համեմատ, հրադադարի խախտումներն ավելացել են։ Ուշագրավ է, որ խախտումների թվի ավելացումը ժամանագրական առումով համընկնում է Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումներին։
Համեմատության համար նշենք, որ հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:
Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,-նշում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։