ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ միացել են Բաքվի հայերի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հայտարարությանը
ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրված է Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունը.
«Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք.
1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին եւ տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից:
Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:
Այս կապակցությամբ, մենք՝
- ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը,
- դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում,
- վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար,
- դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս
պատասխանատվության չեն ենթարկվել»:
Գրավոր հայտարարությանը նաև միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից և տարբեր քաղաքական խմբերից:
Հարակից հրապարակումներ`
- Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում.Աննա Աստվածատուրյան
- Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
- Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան