«Հրապարակ». ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը. իմքայլականները մերժել են առաջարկը և հաստատել իրենց դիմած ՀԿ-ների ցուցակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը նախօրեին փակ քննարկում է արել՝ թվով 2-րդը, օրենսդրական բարեփոխումների նախագիծ պետք է մշակեն։ Նախօրեի քննարկմանը իշխանականների և ԲՀԿ-ական Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի միջև միջադեպ է ծագել, որից հետո ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը։ Ներկա են եղել նաև ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։
Դեռ դեկտեմբերի 9-ին աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով հայտեր ներկայացնել նաև ՀԿ-ներին ու փորձագետներին, պայմանով, որ առնվազն 5 տարվա գործունեության փորձ և 2015թ. դեկտեմբերից առայսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն։ ԲՀԿ-ականները տեղեկացրել են, որ իրենց են դիմել տասնյակ ՀԿ-ներ՝ դժգոհելով, որ հայտերի ընդունման հայտարարությունը պատշաճ չի տարածվել, ժամկետը կարճ է եղել, չեն հասցրել դիմել, ուստի խնդրում են իրենց ևս ներգրավել, նաև՝ հանել ՀԿ-ների առաջ դրված պայմանները։ Սակայն իմքայլականները մերժել են այս առաջարկը և հաստատել իրենց դիմած ՀԿ-ների ցուցակը՝ 15 ՀԿ և 4 փորձագետ։
«Մենք, ծանոթանալով այդ ցուցակում ընդգրկված ՀԿ-ների կազմին, որոշեցինք բոյկոտել»,- ասաց Շաքե Իսայանը՝ չմանրամասնելով, թե որ ՀԿ-ներն են ընդգրկվել. «Փակ քննարկում է՝ կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»։ ԲՀԿ-ն որոշել է հարցը քննարկել խմբակցությունում, որպեսզի հասկանան հետագա քայլերը։ Նրանք առաջարկել են նաև քննարկումը բացել լրատվամիջոցների համար, պատասխանել են՝ դեռ այդ փուլը չէ։ Ի դեպ, ԼՀԿ-ն նիստին չի մասնակցել՝ զբաղվածության պատճառաբանությամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։