Երիկամի փոխպատվաստման հնարավորությունները Հայաստանում
Հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների թիվը մեր երկրում տարեց տարի ավելանում է։ Այս պահի դրությամբ Հայաստանում ծրագրային հեմոդիալիզ է ստանում 900 հիվանդ։ Հանրապետությունում ունենք գործող 13 կենտրոն, որոնցից 5-ը Երևանում են, իսկ 8-ը՝ մարզերում։ Եվս մեկ կենտրոն օրերս բացվեց Մարտունի քաղաքում։ Առհասարակ հիվանդների թվի ավելանալուն զուգընթաց նոր կենտրոնների բացման կարիք է առաջանում։ «Արաբկիր» ԲԿ հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքի վարիչ Հելեն Նազարյանը panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրներ առաջանում են, երբ հիվանդների թիվն ավելանում է, օրինակ՝ կենտրոնը նախատեսված է 20 կամ 30 հիվանդի համար, բայց ժամանակի ընթացքում հիվանդների թիվը ավելանում է՝ հասնելով 50–ի։
«Հաշվարկվում է, թե որ մարզերից կան հիվանդներ Երևանում և որ մարզերում կա հեմոդիալիզի կենտրոն բացելու կարիք․ որպեսզի հիվանդը շաբաթը երեք անգամ չգա հասնի Երևան։ Օրինակ՝ Մարտունիից շատ հիվանդներ գալիս էին Երևան, որովհետև իրենք ասում են, որ իրենց համար շատ ավելի հեշտ էր շաբաթը երեք անգամ գալ հասնել Երևան, քան` գնալ Գավառ։ Այդ պատճառով այնտեղ նոր կենտրոն բացելու անհրաժեշտություն կար»,- ասաց մասնագետը։
Ինչ վերաբերում է երիկամի փոխպատվաստմանը, ապա Հայաստանում հնարավոր է իրականացնել երիկամի փոխպատվաստում միայն կենդանի դոնորից։ Հիվանդը պետք է ունենա հարազատ, ազգակից, որը անշահախնդիր կարող է դոնոր հանդիսանալ։ Անցնում է համապատասխան հետազոտություն և, եթե որևէ հակացուցում չկա, ապա կատարվում է երիկամի փոխպատվաստում: Իսկ այլ երկրներում կան նաև այլ տարբերակներ, օրինակ՝ մահացած մարդու առողջ օրգանները կարող են օգտագործել վիրահատության համար, եթե անձը մինչև մահանալը նման թույլտվություն տվել է: Կամ էլ պարզապես կան բարեգործական կազմակերպություններ, որոնց դիմում են դոնորներն, ովքեր ուղղակի ցանկանում են նվիրել իրենց օրգաններից մեկը՝ այլ մարդու կյանքը փրկելու համար: Ինչպես արդեն նշեցինք Հայաստանում դոնորության միայն առաջին տարբերակն է գործում՝ հարազատ-ազգակցի: Հիվանդի վիրահատական միջամտության դիմելու հնարավորություններն այս առումով նեղանում են: Բացի դրանից քիչ չեն նաև վիրահատության համար նախատեսված ծախսերը: Երիկամի փոխպատվասպման վիրահատությունն արժե 5 մլն ՀՀ դրամ: Պետությունը մասնակի փոխհատուցում անում է:
Նազարյանի փոխանցմամբ ՝ 2020 թվականից վճարման համակարգում որոշակի փոփոխություններ են եղել. «2020 թվականից հիվանդի մասնակցության գումարային մասնաբաժինը կազմում է 1 մլն։ Եթե մինչև այս պետությունը մասնակցում էր 2.5 մլն , իսկ մյուս 2.5 մլն–ը վճարում էր հիվանդը, ապա հիմա պետությունը մասնակցելու է 4 մլն դրամի չափով, իսկ մեկ մլն–ը վճարելու է հիվանդը»։
Տեղեկացնենք, որ նախորդ տարի իրականացվել է 20 երիկամի փոխպատվաստման վիրահատություն։ Այս տարի դեռևս վիրահատություն չի կատարվել, ասում է՝ սպասում են հրամանների հաստատմանը։ Բժշկի խոսքով՝ այս տարի ևս ակնկալում են նույքան վիրահատություն: