Արցախի կառավարությունը կրկին կոչ է արել Քանանյանին և նրան միացած Պողոսյանին դադարեցնել հացադուլը
Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս կոչ է անում Ալեքսանդր Քանանյանին և նրան միացած Մհեր Պողոսյանին՝ դադարեցնել հացադուլը, չվտանգել առողջությունը և գործուն մասնակցություն ունենալ ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:
Կառավարությունը ներկայացրել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ իրականացվող քայլերը: Այդ շրջանակներում է կառավարության կողմից սեղմ ժամկետում մասնագիտական, անկախ հանձնաժողովի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից (համաձայնությամբ):
Կառավարությունը դիմել է նաև Հայաստանի Հանրապետության գործընկերներին՝ բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետների հանձնաժողովի կազմում ներգրավելու խնդրանքով: Արդյունքում՝ երկուական մասնագետներ ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ևս երկու անկախ փորձագետներ, նախնական պայմանավորվածության համաձայն, այսօր կժամանեն Արցախ եւ նույնպես կընդգրկվեն հանձնաժողովի կազմում:
Կառավարությունն օրեր առաջ դիմել էր հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ առաջադրելու հարցով և սպասում է առաջարկների ներկայացմանը:
Ներկա պահին ՀԷԿ-աշինական բոլոր աշխատանքները դադարեցված են, և ինչպես հայտարարվել է ավելի վաղ, աշխատանքները չեն վերսկսվի՝ մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը:
Հիշեցնենք, որ արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հունվարի 20-ից հացադուլ է անում: Նա նշել է, որ այդպես փորձում է ուշադրության հրավիրել Քարվաճառում ՀԷԿ-աշինության հետևանքով առաջացող խնդիրների վրա, մասնավորապես Թարթառ գետի վերին հոսանքում ընթացող ՀԷԿ-աշինության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Քանանյան. Հացադուլ հայտարարած Մհեր Պողոսյանին բժիշկ չի այցելել
- Հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանը սպասում է Արցախի ղեկավարության կողմից իր ուղերձի ընդունմանը
- Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի