Մաշալյան. Թուրքիայում շատ բան չգիտեն հայ ժողովրդի տառապանքի մասին
Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին տված հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել:
Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և ընկալվել է որպես թշնամական վերաբերմունք, որը կոտրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ 2015-ին այն ժամանակ վարչապետ Էրդողանը «ցավակցական հեռագիր» հղեց:
«Մենք առաջին անգամ եկեղեցիներում մեր հանգուցյալներին հիշատակեցինք, աղոթեցինք նրանց համար: Իհարկե, սա շատ դրական զարգացում էր: Մենք ստիպված չենք ամեն դեպքին քաղաքականության աչքերով նայելու: Ամեն ինչ նաև մարդկային կողմ ունի: Կորցնելուց հետո մարդուն չես կարող հետ բերել, սակայն ցանկանում ես գոնե սուգը պահել: Մարդիկ միմյանց տառապանքները պետք է հարգեն, քանի որ ցավը միայն կիսելով է նվազում, ուրախությունն էլ՝ կիսելով ավելանում»,- ասել է պատրիարքը:
Լրագրողը այն հարցին, թե Հայոց պատրիարքը ինչ ակնկալիքներ ունի, Մաշալյանը պատասխանել է. «Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը: Մենք այդ մասին գիտենք, քանի որ ապրել ենք այդ ամենը, սակայն այս երկրում այդ ամենի մասին շատ բան չգիտեն»:
Մաշալյանը կարևորել է ցեղասպանության իրական պատճառների բացահայտումը՝ նշելով որ դա ապագան ապահովագրելու նշանակություն կունենա:
«Շատ մեծ դաս է Սիրիայում կատարվածը, երբ բարեկամաբար ապրող ժողովուրդները հանկարծակի սկսեցին իրար խեղդել: Այդպիսի մի բան էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամբողջ աշխարհի ժողովուրդներն ապրեցին: Ազգայնականության հիմքը դրվեց, բոլորը ցանկացան իրենց ազգային պետությունը ստեղծել: Եթե ազգային պետություն եք ստեղծելու, որտեղ արդեն իսկ բոլորը միասին են ապրել, ապա ի՞նչ պետք է անեք մնացած ազգերի հետ»,- ասել է Մաշալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսի հայոց պատրիարք Մաշալյանը հանդիպել է Էրդողանի ու Չավուշօղլուի հետ
- Պոլսո նորընտիր պատրրիարք Սահակ Մաշալյանի գահակալությունը տեղի կունենա հունվարի 11-ին
- Մաշալյան. «Օսմանյան շրջանում այստեղ 2.5 մլն հայ էր ապրում, այժմ՝ 40-60 հազար»
- Եպիսկոպոս Մաշալյանը զեկույց կներկայացնի Պոլսի Պատրիարքի ընտրության առնչությամբ