ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգում է՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում երեխաների ճգնաժամի մասին
Սիրիայի հյուսիս-արևմուտքում առկա ճգնաժամը վերածվում է աննախադեպ մասշտաբի երեխաների ճգնաժամի։ Անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ամեն օր 6,500 երեխա ստիպված է եղել փախչել՝ այդ տարածքում տեղահանված երեխաների թիվը դեկտեմբերի սկզբից հասցնելով 300.000-ի։ Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, շուրջ 1,2 միլիոն երեխա մեծ կարիքի մեջ է։ Սննդամթերքի, ջրի, ինչպես նաև դեղամիջոցների մատակարարման անհրաժեշտություն կա։ Երեխաներն ու իրենց ընտանիքները հանրային վայրերում են ապաստան գտնում, այդ թվում՝ դպրոցներում, մզկիթներում, կիսակառույց շենքերում և խանութներում։ Շատերը պարզապես ապրում են բաց երկնքի տակ՝ այգիներում ՝ հորդառատ անձրևների և սարսափելի ցրտի պայմաններում։ Առողջապահական, ջրի կամ սանիտացիայի ամենատարրական ծառայությունները կա՛մ շատ սահմանափակ են, կա՛մ գոյություն չունեն։
Նշվում է, որ ճգնաժամի հետևանքով միայն անցյալ տարի 900 երեխա է մահացել, որի 75 տոկոսը հյուսիս-արևմուտքում։ Երեխաների շրջանում ամենամեծ թվով զոհերն արձանագրվել են Իդլիբում։
Տեղում գտնվող մեր գործընկերների միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է օգնություն տրամադրել կարիքի մեջ գտնվող ընտանիքներին, այդ թվում՝ նրանց ովքեր վերջերս են տեղահանվել։ Տրամադրվող օգնությունը ներառում է հիգիենայի պարագաներ, մաքուր ջուր, պատվաստումներ, ինչպես նաև՝ թերսնուցման ստուգում և բուժում։
«Տրամադրվող աջակցությունը հույժ կարևոր է, բայց այն չի կարող վերջ դնել երեխաների տառապանքին։ Բռնությունը պետք է դադարեցվի հանուն երեխաների։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ թույլ տալու երեխաներին և նրանց ընտանիքներին զերծ մնալ բռնությունից, վերականգնել տարրական ծառայություններն և յուրաքանչյուր երեխայի համար այդքան անհրաժեշտ հումանիտար օգնության անխափան տրամադրումը»,-ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։