Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ և սահմանվում է հսկողություն
Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո։
Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։
14-օրյա հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ախտանշաններ: Իսկ նրանք, ում մոտ ի հայտ են գալիս նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն, անմիջապես հոսպիտալացվում են և մեկուսացվում, իրականացվում համապատասխան հետազոտություն և բուժում։
«Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտություններին, ապա այն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող պացիենտներին՝ անվճար։ Հաշվի առնելով լաբորատոր հետազոտության առանձնահատկությունը (հսկիչ նյութերի նպատակային ծախս)՝ նմուշառումն կատարվում է փուլային՝ միաժամանակ ապահովելով մի քանի հիվանդի նմուշառում։
Անհարկի խուճապ չառաջացնելու, ինչպես նաև մասնագետների աշխատանքին չխոչընդոտելու նպատակով հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից, հետևել միայն պաշտոնական լրահոսին և հարցեր լինելու դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով, կամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ 010 550601 հեռախոսահամարով»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» տեղի էր ունեցել ճեպազրույց, որտեղ մասնագետները ներկայացրել էին կորոնավիրուսի թեստերի կիրառման հրահանգները և պարզաբանել դրանց առնչվող հարցերը:
Հիշեցնենք նաև, որ նոր կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ հակտացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, որոնք այժմ գտնվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում: Դրանք 99%-ով ճշգրիտ են։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը նշել է, որ հետազոտվել է մի քաղաքացի, որի մոտ կորոնավիրուսի վարակի կասկած կար. պատասխանը` կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը մանրամասնել է, որ մասնագետը նմուշներ է հավաքում պացիենտի քթից և կոկորդի խորխից, հետազոտությունը տևում է 3-ից 4 ժամ: Այն արվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով, որը Հայաստանում վաղուց է կիրառվում, սակայն տվյալ հետազոտության անցկացման համար պահանջվում են հատուկ թեստեր:
Այն պացիենտները, որոնց մոտ նկատվում են տվյալ ախտանշանները, հետազոտությունը կատարվում է անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան