Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է նախկինում ընդունված իրավական ակտերին։ Մասնավորապես, խոսքը գնում է հայտնի «յոթի գործի» մասին: Նշված գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:
Փաստաբանը հիշեցրեց, որ այդ ժամանակ հաստատվել են մի շարք փաստեր, օրինակ՝ որ ցույցերի ժամանակ եղել են մարդիկ, ովքեր խաղաղ չեն եղել, կիրառել են սառը զենք, «Մոլոտովի» կոկտեյլներ, անկարգություններ են հրահրել։
«Եթե 10 տարի անց «պարզվել է», որ փաստերը սխալ են եղել, դատախազությունը պետք է գնա այդ գործերի վերանայման ճանապարհով»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով սույն գործով անցնող անձանց, և հատկապես Ռոբերտ Քոչարյանի, անմեղության կանխավարկածի խախտմանը, Խուդոյանը հիշեցրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները։
Բացի այդ, իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են ոչ իրավաչափ գործիքներ՝ գույքի վրա կալանք դնելը, խափանման միջոցը, չեն տրամադրվել գործի ամբողջ նյութերը։
«Անմեղության կանխավարկածի սկզբունքը վերացել է Հայաստանում, որի հիմքը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը», - հայտարարեց Խուդոյանը։
Պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրացրեց գործընկերոջ միջնորդությունը՝ նշելով, որ դատական ակտով հաստատվել է անմեղության կանխավարկածի խախտումը ՀՔԾ-ի կողմից, բայց Սասուն Խաչատրյանն առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
Պաշտպանները նշեցին, որ դատարանը նպատակ չունի ամբողջական ու օբյեկտիվ քննություն իրականացնել այս գործով։
Ըստ Խուդոյանի՝ սույն գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որն ընդունվել է 2008 թ․ մարտի 1-ի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, ինչը նշանակում է, որ այն չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ անձը կարող է հետապնդվել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի նորմերով։
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի փաստաբանը ևս նման միջնորդություն էր ներկայացրել։ Ավելի վաղ նույն միջնորդությամբ հանդես էր եկել Սեյրան Օհանյանի փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի փաստաբանը միջնորդեց դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը
- Դատարանը դատական սանկցիա կիրառեց փաստաբանների նկատմամբ
- Փաստաբան. Առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին
- Նախորդ նիստից բացակայած փաստաբանները դժգոհություն հայտնեցին նախագահող դատավորի անգործության ու ոչ պրոֆեսիոնալ լինելու վերաբերյալ
- Սեյրան Օհանյանի փաստաբան. Ի՞նչ է ի հայտ եկել, որ «Յոթի գործով» տղաներին վերագրվող գործողությունները դուրս են մնացել հանցակազմի տարրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան