57 վթարված մեքենա, 16 տուժող՝ Սևան-Երևան մայրուղում
Այսօր վաղ առավոտից 4 տասնյակը գերազանցող վթարներ են տեղի ունեցել Սևան-Երևան մայրուղում։ Շղթայական վթարներից մինչև ինքնավթար։ Ոչ պաշտոնական տվյալներով և ականատեսների պնդմամբ, վթարներից որոշների պատճառը ճանապարհին առկա մերկասառույցն է, որոշներինն էլ՝ ձմռային անվադողերով չերթևեկելը։
«Վթարները տեղի են ունեցել մի քանի հատվածներում։ Ամենամեծը, որ եղել է 45 մեքենաների մասնակցությամբ վթար է եղել, որի հետևանքով 15 անձ դիմել է բուժօգնության, բայց դեռևս պարզ չէ՝ ինչ վնասվածքներով։ Ծանր դեպքեր չկան:
Այս 45 մեքենաների մասնակցությամբ կոնկրետ վթարների թիվը դեռևս հայտնի չէ, թե քանի մեքենան քանիսին է բախվել։ Միայն քննությունից հետո հնարավոր կլինի պարզել»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հրազդանի տարածքում եղել է 1 ինքնավթար՝ 1 տուժողով։ Աբովյանի տարածքում 3 մեքենայի մասնակցությամբ 1 վթար՝ 1 տուժածով և 8 մեքենաների մասնակցությամբ 1 վթար՝ գույքային վնասով։
Թե ինչը կարող է լինել վթարների պատճառը, ոստիկանությունից նշեցին, որ հնարավոր է ասել միայն քննություններից հետո։