«Ժողովուրդ». Իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնե՞լ» ռեյտինգային ընտրակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է ․ «Ինչպես հայտնի է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք օրով մեկնել էր Դիլիջան, որպեսզի, իրենց իսկ խոսքով ասած, մշակեին 2020 թվականի ռազմավարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, իմքայլականներին է միացել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հիմնական քննարկումները ծավալվել են հենց այդ օրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննարկվող թեմաները եղել են օրենքի մի քանի նախագծեր, որոնք պետք է առաջիկայում խորհրդարանականները ներկայացնեն քննարկման:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախ և առաջ քննարկվել են փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությունները, որը, կարելի է ասել, անգամ իմքայլականների մոտ է խառնաշփոթ առաջացրել, քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից դուրս է թողնում ՀՀ և ՍԴ նախագահներին: Այնուհետև օրակարգում են եղել Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները. իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ռեյտինգային ընտրակարգը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, որը ևս ակտիվ մասնակցել է քննարկումներին: «Ես կարծում եմ, որ մենք՝ որպես իշխող քաղաքական ուժ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացումը, քաղաքական ստաբիլությունը, բարձր տրամադրությունը և այն ամբիցիոզ ծրագրերը, որ կան մեր առջև», – նշեց նա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: