Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ-ին՝ առանց ՍԴ եզրակացության իրականացնել սահմանադրական փոփոխություններ. հանձնաժողովի անդամ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, ով այս օրերին ԱՄՆ-ում է, Panorama.am-ի հետ զրույցում միանշանակ պնդեց, գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս Ազգային ժողովին առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացության իրականացնել սահմանադրական փոփոխություններ։
«Բոլոր դեպքերում պատասխանը հստակ է` ոչ»,-ասաց նա։
Այլ հարցերի նա չպատասխանեց, ասաց՝ հարցազրույցներ չի տալիս։
Հանձնաժողովում ընդգրկված մեկ այլ անդամ Արսեն Թավադյանն էլ ձեռնպահ է մնում լրագրողների հարցերին պատասխանել այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել հանձնաժողովը։
Ամեն դեպքում Panorama.am-ը նրան հարց ուղղեց՝ որպես իրավաբան-գիտնականի, արդյո՞ք 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը թույլ է տալիս Ազգային ժողովին առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացության իրականացնել սահմանադրական փոփոխություններ։
«Նայեք Սահմանադրության 168 հոդվածը»,-պատասխանեց Թավադյանը։
Սահմանադրության 168 հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Հոդվածի 2-րդ կետը ասում է. «Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»։
Այսինքն, ԱԺ-ն չի կարող։
Հաջորդող հարցին՝ այդ դեպքում արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծն առերևույթ կերպով չի հակասում գործող սահմանադրական կարգավորումներին, Թավադյանը չպատասխանեց։
«Ինձ մի քանի լրագրողներ զանգել են, ես նույն բանն եմ ասում, սպասում եմ՝ մինչև հանձնաժողովը ձևավորվի, նոր կարողանամ կարծիք հայտնել։ Հենց հանձնաժողովը ձևավորվի, ես կխոսեմ, դա ավելի գրագետ կլինի»,-ասաց նա։
Հարցին, ի՞նչ է փոխվելու հանձնաժողովի ձևավորումից հետո, նա արձագանքեց. «Դեհ, ըտենց»։
Կաշկանդվա՞ծ է իրավաբանը որևէ բանով, ի պատասխան Թավադյանն ասաց, «Կաշկանդում չկա»։
Հանձնաժողովում ընդգրկված մեկ այլ անդամ՝ Անահիտ Մանասյանն էլ Panorama.am-ի հարցը լսելուց հետո ասաց.
«Դրանք շատ խորը ու մասնագիտական բազմակողմանի վերլուծություն ենթադրող հարցադրումներ են։ Որպեսզի ոչ ձեր պրոֆեսիոնալիզմի, ոչ էլ իմ մասնագիտական էթիկայի խնդիրներ լինեն, նախ հասկանանք, թե այս փոփոխությունների ճակատագիրն ինչ է լինելու։ Օրենսդրական այդ փոփոխությունները կարող են բոլորովին այլ տարբերակով ընդունվել, քանի որ ընթացքում հնարավոր է առաջարկություններ ու փոփոխություններ լինեն, այդ ժամանակ կարող ենք հարցազրույց անել դրա վերաբերյալ։ Հավատացեք, ես ինձ չեմ հարգի պրոֆեսիոնալ էթիկայի տեսակետից, եթե երկու բառով ինչ որ բաներ ասեմ»։
Մանասյանը նախագծին ծանոթ է լսելու մակարդակով։
«Ընդհանուր գծերով լսել եմ, ինչի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ, ծանոթացել եմ։ Իմ խղճի առաջ, իմ մասնագիտության առաջ չեմ զգա պատշաճ վիճակում, եթե երկու բառով ինչ-որ վերլուծություններ անեմ»,-նշեց նա։
Ի դեպ, նա չցանկացավ նաև ավելի ծավալուն վերլուծություն ներկայացնել հարցի վերաբերյալ։
Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Տիգրան Մարկոսյանը երկու օր շարունակ չպատասխանեց հեռախոսազանգերին։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրագետ. Մաղթում եմ Ձեզ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում
- «Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը հակասահմանադրական է. Մելոյան
- Արսեն Բաբայան. ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի
- Արսեն Բաբայան. Իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան