Զինվորի հաց ուտելու, հաց տալու, ՀԴՄ-ի և հարկի մասին՝ Փաշինյանը եղել է Արցախի ռեստորաններից մեկում
Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում գտնվող իր ռեստորանում ՝ «Արի Ռեզորթ»-ում բարձրացված սկանդալի մասին:
Նա տեղեկացնում է, որ ռեստորանում հաճախ են բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ հյուրընկալվում, մի քանի անգամ եղել է Փաշինյանի որդին՝ թիկնապահների հետ, նրա ընտանիքի անդամները։
Զաքարյանի խոսքով՝ Փաշինյանն ու նրա ընտանիքը այս կիրակի եկել էին Արցախ՝ տեսակցելու բանակում գտնվող իրենց որդում և ընտանիքի հետ ճաշել են իրենց ռեստորանում, վերջում Փաշինյանը պահանջել է ՀԴՄ և աշխատակիցները նկատել են, որ ՀԴՄ տպող սարքը չի աշխատում, որի մասին շատ սիրալիր տեղեկացրել են ՀՀ վարչապետին, իսկ մինչ այդ Զաքարյանին։
«Մենք Արցախի օրենքով, հաստատագրված հարկ ենք վճարում։ Անկախ այն բանից, թե ինչքան ՀԴՄ կխփենք, մեր հաստատագրված վճարը նույն է»,-ասում է Զաքարյանը՝ տեղեկացնելով, որ այդ մասին ասել են Փաշինյանին։
Զաքարյանը պատմել է, որ տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանն իսկական սկանդալ է սարքել ռեստորանում, աշխատակիցներին այլ հաճախորդների մոտ մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ, ապա զանգահարել է Արցախի Պետնախարարին և պահանջել է, որպեսզի տուգանեն ռեստորանի սեփականատիրոջ, որից հետո այցելել են Արցախի Հարկայինի աշխատակիցներն ու տուգանել ռեստորանին:
«Ես և իմ ընկերները, շատ չեմ խորանա ինչեր ենք արել, ավելի շատ իմ ընկերները, բայց մենք դարձանք զինվորի հաց ուտո՞ղ, «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանգիրն էլ զինվորին հաց տվողնե՞րն են, հա՞։ Ես չեմ ցածրանա էդ մակարդակին, չեմ խոսի, ինչ են կերել, ինչքան են կերել, դա անձնական ինֆորմացիա է մեր ցանկացած հաճախորդի՝ կլինի վարչապե՞տ, թե՞ մի ձիավոր, հովիվ»,-ասում է նա։
Բանակի մասին հաղորդման հեղինակ և Արցախում հաստատված գործիչն ասում է՝ պատրաստ է շատ ավելի մեծ տուգանք վճարել, բայց ինքը վիրավորվել է վարչապետի պահվածքից և իրենց «զինվորի հաց ուտելու մեջ» մեղադրելուց:
«Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ ճղճիմ ու շատ ամոթալի ձևակերպումը: Ես այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու մեջ», մենք զինվորին հաց տվող ենք: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է»,-ասաց Զաքարյանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի ուշ նա գրել էր.
«Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում: Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում:
Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք:
Ասաց պետք է տանք:
Ասացի՝ դե խնդրում եմ տվեք:
Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա: Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում):
Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երևի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի. ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն:
Ոչ ոք տեղյակ չէր:
Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել և այլն և այսպես շարունակ ու այդպես էլ կտրոն չտվեցին: Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայու՞մ, չեք տեսնու՞մ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարևորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում:
Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետև շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով: Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա:
Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու և նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին:
Հ.Գ. Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն և այդ զեղչը տարածվեց նաև մեր զինվոր Աշոտի վրա: Ահա, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցը օրենքով նախատեսված կարգով լուծեք և դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: և նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի:
Հ.Գ. -2 Քանի որ հիմա սկսվելու են բազմաթիվ հրապարակումներ լույս տեսնել այդ օրը այդ ռեստորանում բացված «էլիտար» սեղանների և «ճոխ» ուտեստների մասին, միանգամից ասեմ, որ 39 հազար դրամ է կազմել մեր հաշիվը: Էս գործի սիրահարները թող նայեն, թե ինչ կարող են տեղավորել այս աննախադեպ թվաբանության մեջ:
Ասեմ նաև, որ Աշոտը կիրակի օրով զորամասի տարածքը մի քանի ժամով լքել է օրենքով սահմանված կարգով, ինչպես մեր մյուս բոլոր զինվորներն են անում: Փաստաթղթերը անձամբ եմ ստուգել:)»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում