«Մուրացանի» հիվանդանոցն արդեն երրորդ կարգի որակավորում ունի
«Մուրացանի» համալսարանական հիվանդանոցում այսուհետ կգործի մանկական բոքսային բաժանմունք, իսկ հիվանդանոցն այսուհետ կհամարվի երրորդ մակարդակի մանկական հիվանդանոց։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով, նորաբաց բաժանմունքը հիվանդանոցի առանձին մասնաշենք է համարվում, որը նախատեսված է ինֆեկցիոն խնդիրներ ունեցող հիվանդների համար։ Սա երրորդ մակարդակի հիվանդանոցների պահանջներից մեկն է։
«Բաժանմունքն իր բոլոր լոգիստիկ առանձնահատկություններով լիովին համապատասխանում է այդ պահանջներին։ Կան հիվանդասենյակներ, որոնք առանձին մուտքեր ունեն դեպի արտաքին աշխարհ, և իհարկե, բաժանմունքը Մուրացանի հիվանդանոցի մի մասն է կազմելու»,- նշեց Մուրադյանը։
Վերջինիս խոսքով, «Մուրացանի» հիվանդանոցը հանրապետության 3 խոշոր մանկական հիվանդանոցներից մեկն է, որն իր վրա վերցնում է ամբողջ ծանրաբեռնվածությունը նաև մարզային կանչերի դեպքում։ ԵՊԲՀ ռեկտորը հստակեցրեց՝ տարվա ընթացքում շուրջ 700 կանչ է գրանցվում մարզերից՝ մինչև անգամ Մեղրիից և Նոյեմբերյանից.
«Այս հիվանդանոցում բոլոր այն ծանր դեպքերն են պառկում, որոնք իրենց ընթացքով տարբերվում են, կամ առանձնահատուկ խնդիրներ ունեն։ Այդ առումով սուր անհրաժեշտություն կար նման բաժանմունք ունենալու»։
Բաժանմունքում կա 20 մահճակալ, և արդեն իսկ հիվանդներ կան պառկած։ Բաժանմունքի այսօրվա բացումը սիմվոլիկ նշանակություն ուներ, քանի որ այն արդեն իսկ գործում է։
Մուրադյանի խոսքով, սուր շնչառական խնդիրներով դիմելիությունը որոշ չափով բարձրացել է։
«Օրեր են լինում, որ 150-170 դիմելիություն կա, հունվարի սկզբից մինչ այսօր շուրջ 3500 դիմելիություն է եղել, որից 1/3-ը հոսպիտալացվել են։ Այս պահին հիվանդանոցում 240 հիվանդ կա պառկած, 220 մահճակալ էր, այսօր ևս 20-ն ավելացավ։ Այս 240 հիվանդներիցց 205-ը ստացիոնար բուժում է ստանում, 35-ը՝ ամբուլատոր՝ ցերեկային ստացիոնարի կարգավիճակով»,- նշեց Մուրադյանը։
ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ բաժանմունքը բացելու ողջ ծախսերը հոգացել է համալսարանը։
«Քանի որ երեխաների բուժումն իրականացվում է պետական պատվերի շրջանակում, մասնաշենքի վերանորոգումը ևս պետության միջոցներով է իրականացվել։ Վերջին ամիսներին, տեսնելով, որ բարձրանում է հիվանդանոցի ծանրաբեռնվածությունը, մեկնարկեցին շինարարությունը և բաժանմունքն այժմ արդեն գործում է։ Որպես համալսարանական հիվանդանոց այն պետք է լիովին համապատասխանի ոչ միայն բուժօգնության, այլ նաև բուժսպասարկման, լոգիստիկ, նավիգացիոն պայմաններին։ Այս հիվանդանոցը նաև վաղվա հիվանդանոց է, և ուսանողները պետք է տեսնեն լավ բժիշկների, ապագայում էլ իրենք լինեն աչքի ընկնող մասնագետներ»,- նշեց Արմեն Մուրադյանը։
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննսիյանը նշեց, որ բոքսային բաժանմունքի անհրաժեշտությունը կար, քանի որ կարևոր է վարակիչ հիվանդների իզոլացումը։ Նրա խոսքով, հաճախ են դեպքերը, երբ հիվանդանոց են դիմում մարդիկ, ովքեր կոնտակն են ունեցել վարակիչ հիվանդների հետ, բայց միևնույն ժամանակ իրենք կարիք ունեն հիվանդանոցում բուժվելու։
«Բոքսային բաժանմունքը կօգնի, որ այդ հիվանդները մեկուսացվեն, և ստանան համապատասխան բուժսպասարկում։ Օրինակ, ունենք պացիենտ, ով ջրծաղիկով հիվանդի հետ կոնտակտի մեջ է եղել, 21 օր նա կարող է լինել ինկուբացիայի մեջ։ Նրան տանել ընդհանուր բաժանմունք, ճիշտ չէ, նա պետք է լինի առանձնացված, և մենք պետք է հետևենք՝ արդյոք զարգացավ ջրծաղիկը, թե չէ։ Կամ օրինակ, հիվանդը եկել է Չինաստանից, դիմել է մեզ, մենք նրան պետք է միանգամից առանձնացնենք այդ իզոլացված սենյակ»,- նշեց Հովհաննսիսյանը։