ՏՄՊՊՀ. Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:
Հանձնաժողովից հայտնում են, որ «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ նշված տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:
«Հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը»,-նշվում է որոշման մեջ։