Թադևոս Ավետիսյան. Պետական կառավարման ձախողումները հիմա էլ փորձում են ծածկել հաստիքների զանգվածային կրճատումներով
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հերթական հոդվածում գրել է.
«Բազմիցս ենք անդրադարձել պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությանը: Ցույց ենք տվել առկա խնդիրները, դրանց շարունակվող բնույթն ու խնդրահարույց նոր դրսևորումները: Իսկ լուծումների իմիտացիաներին և դրանց վերաբերյալ ականջահաճո խոստումներին հակադրել ենք առարկայական հիմնադրույթներ: Առաջարկել ենք այս ոլորտի բարեփոխումների համար իրականում անհրաժեշտ քայլերն ու դրանց առաջնահերթությունները՝ մասնագիտական օբյեկտիվ հենքի վրա:
Թեման շարունակում է արդիական մնալ: Պաշտոնական վերջին կծկտուր տեղեկություններով պարզ է դառնում, որ կառավարման համակարգի կառուցվածքի խնդրահարույց փոփոխություններից, բարձրաստիճանների աննախադեպ բնույթի և խնդրահարույց պարգևատրումներից հետո՝ գործող իշխանություններն արդեն ձեռնամուխ են լինում պետական ծառայության հաստիքների զանգվածային կրճատումներին: Դեռևս թաքուն՝ նոր թափ է առնում «օպտիմալացումը»:
Միանգամից հարկ է նկատել՝ իշխանափոխությունից հետո կառուցվածքային այդ փոփոխությունները, առանց անհրաժեշտ լուծումների պետական գործառույթները մասնավորին պատվիրակելու փորձարկումները, բարձրաստիճաններին ամեն ամիս պարգևատրելը, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումները, ի վերջո՝ աշխատատեղերի փաստացի կրճատումները ինքնին չէին կարող համարվել համակարգային օպտիմալացում և իրականում չեն հանգեցրել պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Նորից պետք է հիշեցնել՝ օպտիմալացման գործընթացները միագործոն չեն և համակարգային առումով սխալ է դրանց հանգուցալուծումը անսահման պոպուլիզմով և ընդհանրական տպավորություններով: Օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի»: Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ և ավելորդ շտապողականությամբ, օբյեկտիվորեն առաջ են գալու համակարգային՝ չլուծված ավելի շատ խնդիրներ:
Պետական հատվածի աշխատատեղերի կրճատումը տրամաբանորեն պետք է ածանցվի օպտիմալացման հիմնական գործընթացներից և ինքնաբերաբար պետք է հանդիսանա վերջին փուլը:
Նախ պետք է հստակ ու չափելի ուրվագծվեն երկրի հետագա զարգացման ծրագիրը և պետության դրական պարտավորությունները՝ պետության կարգավորիչ ու մասնակցային դերակատարումը հանրային կյանքում:
Հետո անհրաժեշտ է սահմանել պետական համակարգի գործառույթների համալիր շրջանակը, դրանց բովանդակային մանրամասն նկարագրերը: Դրան համապատասխան՝ նոր հնարավոր կլինի ձևավորել պետական կառավարման համակարգի ամբողջական կառուցվածքը:
Միայն հիմնարար այս քայլերի արդյունքները կարող են բավարար լինել՝ մշակելու գործող համակարգը նորին փոխարկելու արդյունավետ մոդելը: Հենց այս մոդելը կարող է լիարժեք ներառել պետական տարբեր մարմինների միջև և դրանց ներսում պետական ռեսուրսների վերաբաշխումն ու նախատեսվող գործառույթների հետ արդյունավետ հավասարակշռումը: Վերջինս, բնականաբար, պետք է հիմնված լինի խորքային վերլուծությունների, իրատեսական հաշվարկների ու կանխատեսումների վրա: Այսպիսով տեսանելի կդառնան պետական այն ռեսուրսները, այդ թվում՝ աշխատատեղերը, որոնք անխուսափելիորեն ենթակա են վերաբաշխման կամ կրճատման:
Ցավոք նորից արձանագրում ենք, որ վերը նշված նվազագույն անհրաժեշտ քայլերն արված չեն և գործող իշանություններն առանցքային այս գործընթացներում «կառքը ձիերից առաջ է դրել»:
Պակաս կարևոր չէ նաև առարկայական այն հանգամանքը, որ օպտիմալացման արդյունավետությունն ուղղակի պահանջում է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակող մասնագետների մրցակցային, արդար ընտրություն: Նախապատվությունը պետք է տալ հանրային ծառայողի մասնագիտական և մարդկային որակներին, օբյեկտիվ գնահատված մասնագիտական ունակությունների համապատասխանությանը զբաղեցվող պաշտոնին, այլ ոչ թե՝ կուսակցական պատկանելությանը կամ «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերին:
Այս կարևոր և բարդ գործընթացները յուրաքանչյուր դեպքում որոշում կայացնողներից անշեղորեն պահանջում են այն գիտակցումը, որ հանրային ծառայողի պրոֆեսիոնալիզմը կուսակցական պատկանելիություն չունի, ազգակցական, բարեկամական կապեր չի ճանաչում:
Սակայն իշանափոխությունից հետո վարվող կադրային քաղաքականությունը ևս փաստում է հակառակի մասին՝ իրականում այդ գիտակցումն այդպես էլ չկա:
Մյուս կողմից՝ չպետք է որևէ կերպ ընդհանրացվեն և թերագնահատվեն պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի և էական սոցիալական հետևանքները: Այս գործընթացներում անհրաժեշտ է ունենալ սոցիալական իրական բաղադրիչ: Պետք է ցուցաբերվի զբաղվածության ապահովման անհատական մոտեցում՝ աշխատանքը կորցնելու ռիսկ ունեցող անձանց նկատմամբ: Իրականում անտեսված է նաև այս բաղադրիչը:
Հույսը միշտ կա …»։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. ԱՍՀ նախարարությունը չապահովեց օրենքի պահանջի կատարումը. բարեփոխումների ժամկետները նորից հետաձգելու են
- Թադևոս Ավետիսյան. Ի՞նչ եղան աշխատանքային օրենսդրության խոստացված բարեփոխումները
- Թադևոս Ավետիսյան. Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը
- Թադևոս Ավետիսյան. Խոստումներին անհամարժեք փոփոխություն, իշխանավորների կողմից մեղադրանք, պահպանվող աղքատություն
- Թադևոս Ավետիսյան. Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով
- Թադևոս Ավետիսյան. 2019թ. ամփոփում՝ առարկայական բազում մտահոգություններ այլևս իրողություն են
- Թադևոս Ավետիսյան. Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների