Նման սպառնալիք հնչեցնելը ընդունելի չէ. փոխոստիկանապետը՝ Ռուբեն Հայրապետյանի՝ «ոտքերը իրավապահների վրա» սրբելու մասին
Եթե մենք ահազանգ ենք ստանում, անկախ անձից, պետք է անպայման արձագանքենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն։
Հարցին՝ եթե ՀՀ ոստիկանության ստացած օպերատիվ տեղեկությունը կեղծ է, ապա որն է բերման ենթարկելու իմաստը, Մովսիսյանը պատասխանեց, որ ահազանգ ստանալու դեպքում պետք է արձագանքել. օրենքն է այդպես սահմանում. «Օրենքն է սահմանում, որ եթե մենք ահազանգ ենք ստանում, անկախ անձից պետք է արձագանքենք։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արվել է, չի խախտել ՀՀ օրենքը»։
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ բերման ենթարկելը վերածվում է շոուի, Մովսիսյանն արձագանքեց՝ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում։
«Ես չեմ ուզում աստառ տալ մեկնաբանություններին, այլ ասում եմ այն, ինչ կատարվել է։ Պատկերացրեք՝ ՀՀ ոստիկանություն ստանում է ահազանգ և չի արձագանքում։ Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, և ես չեմ ուզում քաղաքական աստառ տալ այդ ամենին, որովհետև ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է»։
Մովսիսյանը նշեց, որ եթե անգամ ահազանգը անանուն է, չարձագանքելու իրավունք ոստիկանությունը չունի։
Ռուբեն Հայրապետյանի՝ «ոտքերը իրավապահների վրա» սրբելու մասին հայտարարությանը Մովսիսյանը չցանկացավ արձագանքել։
Նա նշեց, որ յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականը և տրամաբանական լուծումը. «Ես չեմ կարող գնահատական տալ՝ սպառնալիք էր դա, թե սպառնալիք չէր, կարող է լինել զուտ էմոցիոնալ արտահայտում, բայց նման արտահայտությունը ողջունելի չէ ոչ մի անձի կողմից։ Նման սպառնալիք հնչեցնելը ընդունելի չէ, ուղղակի մեր արձագանքը դրան այլ խնդիր է»։