«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր հեղինակած նախագծից տեղյակ չէ
Hraparak.am-ը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով սահմանադրական փոփոխությունների համահեղինակներից է, համենայնդեպս՝ նրա անունը նույնպես նշված է 37 պատգամավորների թվում, որոնք առաջարկում են չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները, ասում է, որ ինքն այդ նախագծի համահեղինակ չէ։ Մենք զրուցել ենք Հովիկ Աղազարյանի հետ։
- Պարոն Աղազարյան, քիչ առաջ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրավաբանները, սահմանադրագետներն արդեն հասցրին տեսակետ հայտնել, որ դրանով վերջնականապես տապալելու եք սահմանադրական կարգը, գլխատելու եք դատական իշխանությունը։
- Որտեղի՞ց իմացան այդ ամենը, եթե մենք նախագծերը չենք քննարկել եւ փետրվարի 6-ի արտահերթ նիստում ենք պատրաստվում անել։
- Նախագիծը հրապարակված է, 37 պատգամավորներով առաջարկում եք չեղարկել Սահմանադրության 213-րդ հոդվածը։
- Ես դրանից տեղյակ չեմ, ես ուրիշ նախագծից եմ տեղյակ, որի վերաբերյալ արտահերթ է հրավիրվելու։
- Այսինքն, Դուք սահմանադրական փոփոխությունների համահեղինակ չե՞ք, բա ինչո՞ւ է Ձեր անունը գրված։
- Չէ, ես հարցի էությանն եմ տեղյակ, բայց գիտեմ, որ արտահերթը վաղն է լինելու։
- Մի խումբ պատգամավորների հետ չե՞ք առաջարկում Սահմանադրության 213-րդ հոդվածը չեղյալ համարել եւ դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները։
- Այդ պատգամավորներն են առաջարկում։
- Այդ թվում՝ Դուք։
- Ըհը։