Էդմոն Մարուքյան. Ակնհայտորեն ԱԺ կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի համաձայն «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը» ընդունվում է հատուկ ընթացակարգով, և պետաիրավական հանձնաժողովը պետք է ընթացակարգի վերաբերյալ եզրակացություն տա, իսկ մենք չունենք այդ եզրակացությունը։ Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով, եզրակացության բացակայությունը բացթողում է, և պետք է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ արվի, որպեսզի տրվի եզրակացություն հատուկ ընթացակարգի վերաբերյալ։
Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ կանոնակարգ օրենքը նախատեսում է դեպքեր, երբ քննարկումն անցկացվում է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ակնհայտորեն ԱԺ կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են, չի նշանակվել գլխադասային հանձնաժողով և չկա վերջինիս եզրակացությունը. «Ես կարծում եմ՝ սա լուրջ խնդիր է, այն ի սկզբանե դելեգիտիմացնում է ամբողջ գործընթացը։ Որպես ԱԺ նախագահ պետք է պրոցեսը դադարեցնեք և փորձենք ճիշտ ճանապարհով գնալ»։
Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ նշանակվել է գլխադասային հանձնաժողով, սակայն վերջինս չի հասցրել եզրակացություն տալ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ, վարման կարգով հայտարարեց, որ 20 րոպե ընդմիջում է վերցնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան