Մակինյան. Քանի դեռ նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել ՍԴ դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի
Փաստաբան Ամրամ Մակինյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն հայտարարությանը, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու ՍԴ փոփոխությունների նախագիծն ու առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։
«Հարգելիներս, խնդրում եմ նայեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։ Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի։
Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը։
Այն ամբողջությամբ հակասում է թե Սահմանադրությանը, թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին»,- նշել է փաստաբանը։