Արփինե Հովհաննիսյան. Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ-ում սահմանդրական փոփոխությունների նախագծի քննարկմանը, այն հանրաքվեի դնելու վերաբերյալ հայտարարություններին, գրել է.
«Հարգելի իմ քայլական պատգամավորներ,
«Գովելի» է ձեր՝ իրավական խնդիրներ առաջացնելու և հետո դրանք լուծելու մեծ նվիրումը, սակայն փոխադարձ «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտում առաջարկում եմ անել թեթև մտավարժանք։
Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ ( Ի դեպ ընդդիմադիրներին ևս առաջարկում եմ սա մի կողմ դնել)։
Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը և կարդացեք Սահմանադրության 168-րդ հոդվածը, որը նշում է՝
• Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը
Կարդացի՞ք։ Հիմա բացեք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որ նշում է՝
• Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն ԿԱՐՈՂ է դրվել հանրաքվեի:
Հիմա անցնենք մտավարժանքի երկորդ փուլին։ Փորձեք համադրել այս երկու հոդվածները։ Ի՞նչ ստացաք համադրության արդյունքում։ Այո', դուք ստացաք այն պատասխանը, որ կապ չունի, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, ( առաջ թե հետո) երկրորդ ընթերցում (առաջ թե հետո), թե Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՍԴ գնահատականը։
Հիմա ո՞րն է Ձեր խնդիրը լեգիտիմ սահմանադրական փոփոխություններ ապահովելու համար։ Այո', պատասխանը միանշանակ է ապահովել ՍԴ-ի կողմից փոփոխությունների քննարկումը։
Կարող է մի պահ բարբառեք, թե չի կարող ՍԴ քննել հենց իր դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, սրա պատասխանն էլ կա, կարդացեք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները՝ ի դեպ ամենևին ոչ Հայաստանի մասով (ցանկության դեպքում կարող եմ հուշել)։
Հ.Գ. Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ։ Սա Հայաստանի Հանարապետության միջազգային հեղինակության և իրավական անվտանգության հարց է»։
Հարակից հրապարակումներ`
- Մակինյան. Քանի դեռ նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել ՍԴ դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի
- Վահագն Հովակիմյան. Հանրությունը չի ընդունելու, վիճարկելու է ՍԴ որոշումները