«Ժողովուրդ». Չնայած Վանեցյանը հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն էլի փակագծեր չբացեց
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարևոր հայտարարությամբ հանդես գալ: Երեկ նա, ի վերջո, հանդիպեց հայաստանյան ավանդական՝ տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանը, ի վերջո, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն էլի փակագծեր չբացեց:
ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հետաքրքիր բացահայտումներ եղան թերևս հանդիպման վերջում: Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չհայտնեց:
Մեկ այլ ուշագրավ բացահայտում արվեց արդեն նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մասին, որն այս պահին ապաստան է ստացել ՌԴ-ում: «Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերաբացել գործը, սակայն գործը վերադարձվել է մեզ:
Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց»: Բացի այս, Վանեցյանը նաև չթաքցրեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը, և այդ պատճառով իր խոսքում ասել էր. «Կա՛նգ առ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում