Հրայր Թովմասյան. Թող Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ։
Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը:
Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:
Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը:
Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով:
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ»։