Վանեցյան. Շատ շուտով կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հիմնել է «Հայաստան» զարգացման հիմնադրամը։ Շուտով կհայտարարի նաև քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին։
«Հիմնադրամի ֆինանսավորման հարցով ես հանդիպել եմ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, պատմել եմ հիմնադրամի նպատակների մասին։ Նրանցից ստացել եմ հավաստիացում, որ նրանք կաջակցեն մեզ որոշակի ֆինանսներով։ Այս պահին անուններ չեմ ուզի հնչեցնել»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի խմբագիրների հետ երեկ կայացած հանդիպմանը։
Վանեցյանն ասաց, նրանց բացատրել է, որ այդ գումարները ծախսվելու են բացառապես ազգային օրակարգի ձևավորման համար։
Նա մանրամասնեց, որ հիմնադրամը բարեգործությամբ չի զբաղվելու, այլ կոնկրետ խնդիրների լուծմամբ։
«Շատ կարևորում եմ հիմնադրամի թափանցիկ աշխատանքը, թափանցիկությունը լինելու է առաջնահերթություն։ Հենց աշխատանքները սկսենք, իսկ դա կանենք շատ մոտ ժամանակներս, հիմա տարածքի վերանորգման աշխատանքներն են ավարտվում, կլինի կայք, կլինեն հայտարարություններ, կունենանք հայտեր դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հիմնադրամի տարածքում կլինի առանձնացված մի տարածք մեդիայի համար՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկական կահավորմամբ։
Տարածքից կարող են օգտվել ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ՝ քննարկումներ ունենալու կոնֆերանսներ, ֆորումներ անցկացնելու համար։
Նա հայտարարեց իր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին, ասաց՝ առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ։
«Շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին»,-ասաց նա։
Հարցին, թե նրա՝ քաղաքականություն մուտք գործելու պահանջարկ կա՞, Վանեցյանը պատասխանեց՝ ինքը շատ լավ գիտի քաղաքացիների մտահոգությունները, դրանք, ըստ նրա, համատարած են ու նաև տեղին։
«Ուսումնասիրություններ ենք կատարել, կարծում եմ, անհրաժեշտություն կա ստեղծել մի քաղաքական ուժ, որը կհամախմբի հասարակության լայն զանգվածներին, որոնք այսօր դժգոհ են իշխանությունների գործելակերպից, չեն արդարացել նրանց հույսերը, նրանք մարդիկ ենք, ովքեր չեն ուզում վերադարձ անցյալին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանը՝ Կոստանյանի հայտարարության մասին
- Վանեցյան. Ափսոսում եմ, որ իրավապահ ողջ համակարգի գործունեությունն այս աստիճան անլրջացնում են
- Վանեցյան. Պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձանից երբեք չսպասեք
- Արթուր Վանեցյան. Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ Փաշինյանի մի հանձնարարությամբ, որի մասին գիտեն երեք մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին