ՍԱՏՄ. «Զեյթուն Սվիթ»-ի էկլերը չունի անվտանգության հայտարարագիր
Լոռիի և Սյունիքի, տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր: Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում մարզկենտրոնների բժշկական հաստատություններ է դիմել 60 քաղաքացի՝ սննդային թունավորում ախտորոշմամբ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հիվանդանոց դիմած քաղաքացիների հետ զրույցներից պարզելով, որ բոլորի մոտ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել էկլեր տեսակի թխվածք օգտագործելու արդյունքում, հետագծելիությամբ պարզել են, որ բոլորն էլ կերել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության «էկլեր ջնարակապատ»: Միջոցներ են ձեռնարկվել իրացման ցանցում այն հայտնաբերելու ուղղությամբ:
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել նաև «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում: Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել, սակայն պարզվել է, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։
«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» և սահմանվել ժամկետ թերությունը շտկելու համար։
Կատարվել է նաև նմուշառում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից:
«Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,-ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։