Մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանից. վարչապետ
Այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նրանք աջակցել են մարդկանց ներկրել ապրանքներ՝ առանց որևէ մաքսային ձևակերպման, այսինքն՝ մեքենաներն ուղղակի անցել են մաքսային սահմանը։
«Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է։ Ես զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, թե նրանք ՀՀ-ում հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին ընդհանրապես չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, որ տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ենք բոլորովին ուրիշ բան, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանից։ Մեր այս կամքին որևէ մեկը թող չկասկածի։ Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»,- նշեց վարչապետը։