«Ժողովուրդ». 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքների հետևանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լեոյի 54 հասցեում գտնվող Հիդրոմետ ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի:
Այժմ շինաշխատանքներ են իրականացվում, ավելանալու է ևս մեկ հարկ: Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ Լեոյի 54 հասցեում «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունը շինարարություն իրականացնելու թույլտվություն ստացել է անցած տարվա օգոստոսին Հայկ Մարությանի կողմից:
Ի դեպ, խոսքն այն շենքի մասին է, որը վաճառվել է անմիջապես հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին. ենթադրվում է, որ այս գործարքի հեղինակները օգտվել են երկրում տիրող խառը վիճակից: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, այդ տարածքում հյուրանոց կառուցում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը:
Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց ճշտել Արման Սահակյանից, սակայն ողջ օրվա ընթացքում նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ իրականացվող շինաշխատանքների հետևանքով հարևանությամբ գտնվող շենքը փլուզվում է: Կառուցապատող «Առ Արտ» ընկերությունը շարունակում է փոսի փորման աշխատանքները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում