Էրդողանի արտաքին քաղաքական անհավանական արկածները Սիրիայում, Լիբիայում և այլուր
Փետրվարի 3-ին Կիև կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը ուկրաինացիների ականջը շոյող մի շարք հայտարարություններ է արել։
Մասնավորապես, վերահաստատել է, որ Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, խոստացել է բնակարաններ կառուցել 500 Ղրիմի փախստական թաթարների համար, 36 միլիոն դոլար տրամադել ռազմական գնումների համար և այլն։ Ավելի խորհրդանշական տեսակետից՝ նախագահ Էրդողանը ուկրաինական պատվո պահակախմբին ողջունել է «Փառք Ուկրաինային» /Слава Україні!/ արտահայտությամբ, ինչն ուկրաինական ազգայնական կարգախոսն է, և մեծ կիրառելություն է ստացել Ուկրաինայի արևելքում արդեն տարիներ մղվող պատերազմում։
Ակնհայտ է, որ այս ամենը որքան դուրեկան են Ուկրաինայի համար, նույնքան անընդունելի են Ռուսաստանի համար, որը Թուրքիայի հետ վերջին տարիներին բավականին սերտ հարաբերություններ է զարգացրել։ Ուկրաինայի հարցում Թուրքիայի ունեցած մոտեցումները հիմնավորում են այն կարծիքը, որ ռուս-թուրքական մերձեցումը շահերի ժամանակավոր համընկման արդյունք է, և որ այս երկու երկրների հարաբերություններում ավելի շատ է մրցակցային տարրը, քան թե համագործակցությունը։ Հանգամանք, որին կրկին ականատես եղանք սիրիական Իդլիբի շուրջ վերջին զարգացումների ընթացքում։
Նույն փետրվարի 3-ին Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարական զորքերը Իդլիբում սպանել են թուրքական բանակի 5 զինվորական և քաղաքացիական անձանց։ Պատասխան հարավածով թուրքական զորքերը սպանել էին առնվազն 13 սիրիացի զինվոր։ Միջադեպը լուրջ տարաձայնությունների և փոխադարձ մեղադրանքների տեղիք էր տվել Մոսկվայի և Անկարայի միջև։
Հիշեցնենք, որ երկու երկրները սատարում են սիրիական քաղաքացիական պատերազմում հակադիր կողմերին. Ռուսաստանն աջակցում է նախագահ Ասադին, իսկ Թուրքիան՝ ապստամբական խմբավորումներին, որոնք ցանկանում էին տապալել Ասադի կառավարությունը։ 2018թ. Ռուսաստանը և Թուրքիան՝ Իրանի հետ միասին համաձայնել էին Իդլիբի տարածաշրջանում հաստատել ապառազմական գոտի։
Իդլիբը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների վերջին հանգրվանն է, և սիրիական կառավարական զորքերը հարձակում են ձեռնարկել՝ այն հետ գրավելու համար։ Իդլիբում թուրքական զորքերին հասցված վտանգը բավականին բարկացրել էր նախագահ Էրդողանին, որը Կիևում հայտարարեց, որ ռուսական զորքերը պետք է մի կողմ քաշվեն, բայց ավելացրեց նաև, որ ռուսների հետ «կնստեն և կքննարկեն ամեն ինչ, իհարկե առանց բարկության»։
Հետաքրքրական է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փետրվարի 4-ին թվիթերյան գրառմամբ աջակցություն էր հայտնել «ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային»՝ միջադեպն անվանելով «ծանր էսկալացիա»։ Նա Ասադին, Ռուսաստանին, Իրանին և Հեզբոլլահին էր մեղադրել զինադարարի խախտմանը խոչընդոտելու մեջ։ Վերջերս վատթարացող ամերիկա-թուրքական հարաբերությունների ֆոնի վրա այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը շտապում է սեպեր խրել ռուս-թուրքական համագործակցության մեջ առաջացող ճեղքերում։
Պետք է նկատել, որ Իդլիբի շուրջ սրացումները տեղ գտան նաև այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Թուրքիան որոշեց զորքեր ուղարկել Լիբիա։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Սիրիայում մարտնչող որոշ խմբավորումների, մասնավորապես Ալ-Քաիդայի և «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող զինյալներին Թուրքիան ուղարկում է Լիբիա՝ կռվելու համար այդ երկրի վարչապետ Ֆայեզ Սարաջի կողմից։ Հայտնում են նաև, որ սիրիացի ապստամբ զինյալների մոտիվացիան բարձրացնելու համար թուրքերը նրանց համոզում են, որ Լիբիայում նրանք հնարավորություն կունենան մարտնչել ռուսների դեմ, որոնք քանդել են Սիրիայում իրենց քաղաքները։
Թուրքիայի նախագահը ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում Սիրիայից սկսած մինչև Հյուսիսային Աֆրիկա, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացնում բազմաթիվ խաղացողների մոտ։ Եթե Սիրիայում Թուրքիան խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, ապա Լիբիայում նրա վարած քաղաքականությունն առանձնահատուկ դուր չի գալիս Ֆրանսիային և Հունաստանին։ Հունվարի 29-ին Հունաստանի վարչապետի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը քննադատել էր Թուրքիային և խոստացել, որ Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Միջերկրական ծովի արևելյան ափերի մոտ։
Հունվարի 30-ին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցում էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանը, հայտարարեց, որ Թուրքիան, ակնհայտորեն, իր քաղաքականության կենտրոնում դրել է ռևիզիոնիզմը՝ հավելելով, որ «Սևրի պայմանագրից 100 տարի անց մենք ունենք նոր արևելյան միջերկրածովյան էքսպանսիոնիզմ»։ Սևրի պայմանագիրն իր խոսքում հիշեցնելը դժվար թե պատահականություն լիներ․ այն հստակ ուղերձ էր Էրդողանին ու հիշեցում՝ Օսմանյան կայսրության պարտության և մասնատման մասին։
Պարզ չէ՝ նեո-օսմանյան կարոտախտը, թե՞ անձնական փառասիրությունն է դրդում նախագահ Էրդողանին վիճարկել տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը՝ այն էլ մի քանի ճակատներով։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ «ռեգիոնալ խուլիգանությունը» սովորաբար անպատիժ չի մնում։ Բացի այդ սեփական գլխից վեր ցատկել խորհուրդ չի տրվում, հատկապես երբ դա արվում է ֆեզը գլխին։
Աննա Մկրտչյան, քաղաքագետ