«Իրատես». «Լեն» օրերին ամեն ինչ այնպես է հիմնահատակ քանդվում, որ «նեղ» օրվա համար ոչ ուժ է մնում, ոչ համախմբման ռեսուրս
«Իրատես» թերթը գրում է. «Այսօր բոլորս դիտորդ ենք մեր երկրում։ Ոմանք իրենց տեսածը բարեխղճորեն արձանագրում են, մյուսները` այն հարմարեցնում իրենց ցանկություններին, մեկ այլ խումբ էլ՝ տեսնում, լսում, հասկանում է, բայց հայտնի մեթոդով փաստում՝ «մեկ քայլ առաջ է», որպեսզի շառից-փորձանքից հեռու լինի։ Անկախ այն բանից, թե ով ինչ գնահատական կտա այսօրվա զարգացումներին, ակնհայտ է` մենք շատ վաղուց չենք կարողանում ազատվել միմյանց կոկորդը կրծելու անհագուրդ մոլուցքից։ Եվ սա այն դեպքում, երբ շուրջբոլորը գիշատիչներ են, որոնք ամեն պահի կարող են կուլ տալ քեզ։ Սա է մեր տեսակը «լեն» օրերին, բայց ամեն ինչ այնպես է հիմնահատակ քանդվում, որ «նեղ» օրվա համար ոչ ուժ է մնում, ոչ համախմբման ռեսուրս։ Ցավոք, սա ոչ մեկ, ոչ էլ 3 իշխանության խնդիր է, որովհետև ամեն մեկն իրենից հետո այնքան մեծ խնդիրների բեռ, անպատասխան հարցեր է թողնում, որ մարդիկ ամեն անգամ կանգնում են նույն կոտրած տաշտակի առաջ։ Այսօր էլ քիչ չեն անպատասխան մնացած հարցերը։
Օդում կախված են առնվազն մի քանի էական հարցեր, որոնց պատասխանները էլի չեն տրվում։ Դրանք դարձել են ընդդիմախոսների զենքը, իսկ իշխանության՝ աքիլեսյան գարշապարը։ Եթե իշխանությունը դրանց վերաբերյալ խելքը գլխին բացատրություն չտա, կամ պիտի սեփական ճամպրուկները կապի, կամ պատրաստ լինի, որ դա իր փոխարեն ուրիշները կանեն։ Այդպես է եղել միշտ։
Չնայած այսօր հանրային օրակարգն այլ հարցով է հիմնականում զբաղված, այդուհանդերձ, քաղաքական որոշակի շրջանակներ անընդհատ հայտարարում են, թե Արցախը վտանգված է, իշխանությունը վատ սցենարներ է մշակել։ Ավելին, ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին են ակնարկում։ Ոչ մեկը չի ուզում հավատալ դրանց, բայց կասկածները փարատող էլ չկա։ Իշխանությունը սպառիչ պատասխաններ չունի, հստակ դիրքորոշում չի հայտնում, չի ասում, թե ինչ կա իր մտքում։ Ոչ մեկը չի պահանջում մանրամասն ներկայացնել բանակցային նյութը, բայց բոլորն ուզում են գոնե իրենց ներսում վստահ լինել, որ այս իշխանությունը երբեք ու ոչ մի պարագայում Արցախի հարցում զիջումների չի գնա։ Այնինչ, լռում են կամ խոսում են՝ ամեն ինչ ավելի խճճելով։
Հաջորդ հարցը ՍԴ-ի շուրջ քաոսն է։ Իշխանությունը չի հերքում, որ այս ամենը քաղաքական նպատակահարմարությամբ է պայմանավորված։ Չենք խոսի այս օրերի ամենաշատ քննարկվող խնդրի մասին, թե ինչքանով է օրինական ու սահմանադրական այսպիսի մեթոդներով ՍԴ-ի ներկայիս կազմի դեմ պայքարը։ Փոխարենն օդում կախված է մեկ այլ հարց՝ ինչու՞ է այդքան շատ իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին պետք վերահսկելի ՍԴ ունենալը, այդ ի՞նչ աշխարհացունց որոշում է կայացնելու, որին այսօրվա ՍԴ-ն ընդդիմանալու է։ Եթե նման բան չկա, ժողովուրդը մինչև այս պահը նույնիսկ չգիտեր էլ, թե ՍԴ-ն ընդհանրապես իր կյանքում ինչ է փոխում, որ հիմա էլ նոր անդամներով ՍԴ ունենալու համար «հանրային պահանջ» ձևակերպի։ Պետք է հանրությանը հստակ պատասխան տրվի, թե ինչու է պետք ունենալ «սեփական» կամ վատագույն դեպքում «չեզոքացված» ՍԴ։
Իհարկե, անպատասխան այլ հարցեր էլ կան և տնտեսական, և քաղաքական հարթությունում, բայց պատասխանողն ո՞վ է։ Իրավիճակային լուծումները եղել ու մնում են մեր երկրի քաղաքական կյանքի ամենասիրելի ժանրերից մեկը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։